Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սա խնդրի լուծում չէ, որ այսօր կծակենք, վաղը կփակենք, ինչո՞վ պետք է փակեք, քարն արդեն փչացավ. Կարեն Բալյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության հրապարակի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերը վնասվել են ամանորյա ձեւավորման հետեւանքով։ Ամանորյա լույսերը, զարդարանքները կախելու համար այս օրերին բազմաթիվ անցքեր են արվել հրապարակի՝ հուշարձանների ցանկում ներառված թամանյանական շենքերի վրա։

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը ցավով արձանագրում է, որ սա նորություն չէ մեր իրականության մեջ։ «Նույն բանը ես տեսել եմ Օպերայի շենքի վրա, որտեղ գովազդի այդ մեծածավալ վահանակներն են փակցված՝ մետաղյա սարքերի միջոցով․ ըստ երեույթին՝ էլի նախապես անցքեր են հարմարեցվել,- ասում է Բալյանն ու անդրադառնում Հանրապետության հրապարակի շենքերին։- Այս կառույցներն իրենց նշանակությամբ նույնն են, ինչ մեր միջնադարյան եկեղեցիները կամ հնագույն հուշարձանները։ Դրանց արժեքը նույնն է։ Ի սկզբանե նման բան չի կարող քննարկվել կամ դիտարկվել, որ այդ կառույցի վրա կարելի է անցքեր անել եւ մետաղյա սարքեր հարմարեցնել։ Դա պետք է բացառվի սկզբունքորեն եւ ուրիշ լուծում գտնվի»։

Մոտավորապես ի՞նչ մասշտաբի եւ ծավալի վնաս է հասցվել այդ հուշարձան շենքերին, եւ արդյո՞ք հնարավոր է դա վերականգնել, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանից։ Ճարտարապետը նկատեց, որ հնարավոր չէ դրա պատճառած հետեւանքները, վնասները վերականգնել․ «Քարը ո՞նց կարելի է վերականգնել, վերցնել, ուրիշ բանով փակել։ Դա լուծում չէ, էլ չեմ ասում, որ այս տարի ծակեցին այստեղ, մյուս տարի՝ մյուս տեղը, եւ եթե այդպես արվի ու ընդունվի, դա կդառնա նորմա եւ արդեն դարձել է նորմա։ Քարի վրա ինչ-որ բան ամրացնել՝ բոլդ ու գայկայով, այդպես չի կարող լինել, քարը չի ընդունում դա։ Հետո՝ ի սկզբանե այդ շենքերի վրա նախագծված չի էլ եղել որեւէ միջամտություն, հետեւաբար, ցանկացած նման միջամտություն անթույլատրելի է։ Եթե ժամանակակից շենքի դեպքում ճարտարապետը կարող է նման մետաղյա մի էլեմենտ տեղադրել, այս պարագայում դա չի արվել ու, ըստ այդմ, պետք է չարվի։ Այդ հուշարձանի ամեն ինչն անձեռնմխելի է՝ թե՛ ճակատային լուծումը, թե՛ ինտերիերային լուծումները»։

Այսօրվա ժամանակակից միջոցներն այնպիսին են, որ կարելի է, առանց շենքին կպնելու, շենքը լուսավորել»,- ասում է նա ու նկատում, որ միջազգային պրակտիկայում շենքերը հեռվից են լուսավորում, եւ շենքի վրա ոչ ոք լամպեր, լարեր չի անցկացնում, որոնք հետո տարբեր ամրակներով ձգեն պատի վրա. «Սա պետք է բացառվի, եկեք ուրիշ լուծումներ գտնենք, կրեատիվ մարդիկ են պետք, որոնք առաջարկներ անեն, եւ դրանք կոմպրոմիսային չլինեն։ Սա խնդրի լուծում չէ, որ այսօր կծակենք, վաղը կփակենք, ինչո՞վ պետք է փակեք, քարն արդեն փչացավ, եւ պետք չէ մտածել, որ եթե ինչ-որ բեկոր, զարդանախշ չենք տվել վնասել, ուրեմն լավ է։ Հուշարձանը ֆիզիկապես արդեն վիրավորվել է»։

Կ․ Բալյանն ասում է՝ ինչպես էլ վերականգնեն, դա վերականգնում չի լինի, որովհետեւ քարի մի մասը պոկվել է, եւ փոխարենն ինչ էլ դնես, նույնը չի լինի․ «Արդեն ուրիշ բան կլինի այդտեղ։ Մենք հո չե՞նք գնում հին հուշարձանի կոտրված տեղերը վերականգնում, դա չի համապատասխանում վերականգնման սկզբունքներին։ Մի տարբերությամբ միայն, որ այստեղ ոչ թե ժամանակի հետքն է, այլ գիտակցված վնաս է հասցվել»։

Փաստորեն, պետությունն այս դեպքում ինքն իրեն պիտի տուգանի, որովհետեւ օրենքով քրեական պատասխանատվություն է սահմանել ու ինքն էլ խախտել այդ օրենքը՝ վնաս պատճառելով հուշարձանին։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: