Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաղաթելյան. Հերս ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու

«Վերջին երեք տարվա ընթացքում, մասնավորապես վերջին վեց ամսվա ընթացքում, այս իշխանությունների կողմից իմ ընտանիքը, իմ հարազատները ենթարկվում են հակաօրինական, ապօրինի ճնշումների՝ քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ։ Ինչ կարող են, անում են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ մամուլում տեղեկություններ կային, որ ձեր ընտանիքի անդամների վրա ճնշումներ են գործադրվում այս իշխանությունների կողմից, շարունակվո՞ւմ են արդյոք այդ ճնշումները և մտավախություն չունե՞ք, որ ձեզ կարող են զրկել մանդատից և փորձեն արդեն անձամբ ձեզ որևէ հարցով քրեական պատասխանատվության ենթարկել։

Ի.Սաղաթելյանը նշեց, որ իր հորը կանչել են հարցաքննության, փորձում են նրան մեղադրանք առաջադրել, մտել են հարազատների ընկերություններ ու ապօրինի քայլեր, գործողություններ, խուզարկություններ իրականացրել։

«Չեմ  խոսում այդ մասին, քանի որ այս երկիրը լիքն առաջնահերթ  ու կարևոր խնդիրներ ունի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նա մեջբերեց հոր խոսքը. «Հերս ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել  չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու, այսինքն ինչ կարող են, թող անեն»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի, այս քայլերով իշխանությունները հավանաբար մտածում են, որ հնարավոր է իրեն հետ կանգնեցնեն պայքարից կամ այդ ճանապարհով ուզում են վախեցնել իրեն։

«Սխալվում են»,- ընդգծեց նա։

Ինչ  վերաբերում է  մանդատից զրկվելուն, Ի. Սաղաթելյանն ասաց. «Սրանք մեզ հայրենիքից են զրկել, 5000 հայորդու կյանքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել։ Վստահ եմ, որ փորձելու են զրկեն, թող փորձեն»։