Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեյրան Օհանյան․ Ըստ էության, մեղադրական եզրակացությամբ էր դատախազը եկել՝ չնշելով որեւիցե մի շրջանակ, որեւիցե մի պաշտոնական անձի, որն ինչ-որ բան է ասել իմ դեմ․ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մենք զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

– Տիկին դատախազն ամբիոնից այնպես էր ներկայացնում, թե Դուք շրջանցել եք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, որն արգելում է այդպիսի տարածքները վաճառել, կադաստրային արժեքից ցածր գնով եք վաճառել, զինված ուժերում ծառայող տարբեր մարդկանց եք վաճառել, որոնք հետո դրանք ավելի թանկ գնով իրացրել են եւ այլն։

– Ես չգիտեմ՝ ինչ է ինքն ասում, կամ ում եմ վաճառել, ես հիմա չեմ կարող հիշել՝ ում եմ վաճառել։ Իրենց ենթադրություններն են էդպիսին, որոնց մասին մենք դատարանում համապատասխան տեղեկություններ կտանք։ Բայց եթե այդ ամենն ապօրինի է եղել, դրանք հո ե՞ս չեմ ձեւակերպել։

– Ձեզ չե՞ն տեղեկացրել, Դուք չե՞ք իմացել, որ այդ տարածքները Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ են ընկնում, չեք կարող  վաճառել։

– Ուրեմն, բանակում գոյություն ունեն օտարման եւ տնտեսական բնույթի՝ գնումների եւ այլն, ընթացակարգեր։ Եվ էդ ընթացակարգերը բազմաթիվ անգամ ստուգվում, հետո նոր ներկայացվում են ղեկավարությանը։ Ես ո՛չ տնտեսագետ եմ, ո՛չ էլ չգիտեմ ով եմ։ Եվ էդտեղ որեւիցե մի պայմանավորվածություն, որեւիցե մի շահ, որեւիցե մեկի հետ ինչ-որ հանցավոր բան ես չեմ ունեցել, եւ չէր էլ կարող նման բան լինել։ Եվ մնացած հարցերում՝ նույնպես։

– Ձեր կարծիքով՝ այս նույն դրվագով այսօր կարո՞ղ են այսօրվա նախարարի՝ Սուրեն Պապիկյանի նկատմամբ էլ քրգործ հարուցել, քանզի նրա օրոք էլ զինված ուժերին պատկանող 71 գույք է դրվել օտարման։

– Ես չգիտեմ՝ ինչ են անում իրենք, ես չեմ ուզում ուրիշների գործերի մեջ մտնել։

– Ամեն դեպքում, Դուք վստահ պնդում եք, որ չկա՞ որեւէ իրավական հիմք՝ Ձեր դեմ քրեական վարույթ սկսելու։

– Դե, թող ցույց տան էն մեղադրյալների, էն հանցագործների շրջանակը, որոնց հետ ես պայմանավորվել եմ եւ գործ եմ արել։ Ոչ մի մեղադրյալ չկա։

– Բայց իրենք անուններ նշեցին, որ կադաստրի պետն է ցուցմունք տվել, որ Դուք իրեն, իբրեւ թե, ցուցում եք տվել, եւ դրանով, ըստ էության, հաստատվել է Ձեր կողմից ենթադրյալ հանցանքը։

– Ո՞ր կադաստրի․․․ կադաստրի պետն ի՞նձ է ենթարկվում, ո՞ր կադաստրի պետին եմ ցուցում տվել։

– Օտարման գործընթացում խնդիր չի՞ եղել, որ կադաստրային արժեքից ցածր գնով են այդ գույքերը վաճառվել։

– Ես նորից եմ ասում՝ ամայի, խարխուլ տարածքներ են եղել, չօգտագործվող։ Ընդ որում, ինչքան որ ես կարդացել եմ, հողը օտարվել է կադաստրային գնով, իսկ շինությունները քանդված, փլված վիճակում են եղել։

– Դուք ասում եք, որ կարող էիք օգտվել վաղեմության ժամկետից, եւ այս հարցն այսօր այստեղ չէր քննարկվի։ Ինչո՞ւ չեք օգտվել, եւ դատախազությունը չգիտե՞ր այդ մասին, որ Դուք կարող էիք այդ հնարավորությունից օգտվել, եւ գործը կարող էր կարճվել։

– Վաղեմության ժամկետից եթե ես օգտվեի, միանշանակ, իրենք միջնորդությամբ չէին գա խորհրդարան, բայց ես չեմ օգտվել, որովհետեւ ես մեղավոր չեմ էդտեղ։ Բայց իրենք դա սկսել են ներկայացնել էն բանից հետո, երբ կանչել ասել են՝ վաղեմության հարց կա, ես ասել եմ՝ դեմ եմ, դրա համար էլ արագ էս պահից օգտվելով, հանրության ուշադրությունը շեղելով՝ էս գործը բերել են ներկայացնում են։

– Այսինքն՝ դատախազությունի՞ց են Ձեզ առաջարկել օգտվել վաղեմության ժամկետով գործը կարճելու հնարավորությունից։

– Քննչականն է առաջարկել, եւ եթե ես ստորագրեի, չէր լինի էս գործը։ Տեսեք՝ իրենք ոչ թե միջնորդություն են ներկայացնում, այլ, ըստ էության, մեղադրական եզրակացությամբ էր դատախազը եկել՝ չնշելով որեւիցե մի շրջանակ, չնշելով որեւիցե մի անձնավորություն, չնշելով որեւիցե մի պաշտոնական անձի, որն ինչ-որ բան է ասել իմ դեմ, որ ես սխալներ եմ գործել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում