Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը հրաժարվել են այդ իրավունքից, որովհետեւ վստահ են իրենց անմեղության վրա»․ Արծվիկ Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն է ներկայացվել, որոնցից երկուսը հրապարակվել են։ Երրորդ գործը գաղտնիքի սահմանափակման պայմաններում կարող են ծանոթանալ միայն նրանք ովքեր ունեն պետական գաղտնիքի թույլտվության իրավունք։ Ցավոք, Սեյրան Օհանյանը չունի այդ իրավունքը, թեեւ դիմել է եւ ստացել մերժում։ Աբսուրդ է, որ հիմա նրա հարցն է քննարկվելու եւ ներկայացվելու է մի միջնորդություն, որին ինքն իրավունք չունի ծանոթանալու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովին, որոնցից մեկը չի հրապարակվում։

Սեյրան Օհանյանն ասել է, որ գործընթացը շոու է համարում, եւ դատախազությունից իրեն չեն էլ տեղեկացրել գործերի մասին, փաստաթղթերը չեն տրամադրել։ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ այդ գործերից մեկի գաղտնի լինելը որոշել են քննչական մարմինները, ԱԱԾ-ն․ «Չեմ կարող ասել, որովհետեւ եթե ասեմ, ապա գաղտնիքը կբացահայտվի։ Միայն կարող եմ ասել, որ մամուլում հայտնի դեպքերից մեկն է։ Փորձ է արվում մեղքը բարդել հաղթած բանակի գեներալի՝ նախկին պաշտպանության նախարարի վրա։ Իրավական առումով սա անգրագիտություն է, իսկ քաղաքական առումով՝ հստակ ուղղորդում։ Այդպես է նաեւ առաջին երկու գործերի պարագայում։ Հանցակիցների մի հսկա բանակ են նրան վերագրել եւ մեղադրում են, թե նա «Դողագործ» ընկերության անշարժ գույքը հափշտակության միջոցով այլ անձի սեփականությունը դարձնելու համար ձեռնարկել է ապօրինի գործողություններ։ Այդ գույքը՝ 1,3 միլիարդ դրամ, ՊՆ-ն ձեռք է բերել՝ հետագայում 8,5 միլիարդով վաճառելու համար մասնավոր անձին․ մեղադրանքն աբսուրդ է։ Եթե իրապես նպատակը եղել է դա, միանգամից ձեռք կբերեր ու կվերջացներ, ողջ պետական համակարգն օգտագործելու իմաստը ո՞րն է»։

Մինասյանի բնորոշմամբ՝ իրավական առումով անգրագետ է նաեւ Արմեն Չարչյանի հանդեպ գործընթացը․ «Վկայակոչումները, որոնք դրված են գործի հիմքում, կապ չունեն իրականության եւ սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացման հետ։ Իբր թե կեղծ եզրակացություն է տվել՝ այն դեպքում, երբ այդ խումբը բոլոր պատշաճ փաստաթղթերի հիման վրա եզրակացություն է տվել, իսկ Չարչյանը վերապահում է արտահայտել։ Սա անտեսել են, փոխարենը տվել են չհիմնավորված կապեր, ապօրինի հարցաքննություններով եզրահանգել են, թե նա կեղծ եզրակացություն է տվել։ Չարչյանը փորձագետներից մեկն է եղել եւ շարժվել բացառապես կարգավորումներին համաձայն՝ քննիչի հանձնարարականի շրջանակներում»։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանական խումբը մամուլից է իմացել, որ Արմեն Չարչյանի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից խորհրդարան է ներկայացվել միջնորդագիր՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում նախաձեռնելու համար։

Արծվիկ Մինասյանն ասում է՝ ողջ գործի մեջ միայն Արմեն Չարչյանն է «սեւ կերպար», որի եզրակացությունն իբր պատճառ է դարձել ծանր հետեւանքի․ «Սեյրան Օհանյանն ու Արմեն Չարչյանը չեն կատարել արարք, որը հանցագործություն է ենթադրում եւ հրաժարվել են վաղեմության ժամկետի հիմքով քրեական գործերը չհարուցելու իրավունքից։ Սա նշանակում է, որ նրանք համարում են, որ անմեղ են։ Բայց դատախազը թքած ունի սահմանադրության վրա, նա միայն զեկուցում է իր վարչապետին։ Չենք բացառում, որ վաղը մյուս պատգամավորների համար էլ միջնորդություններ կանեն»։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի վերաբերյալ նաեւ հակակոռուպցիոն դատարանում է գործ քննվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ