Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շարմազանովին զարմացրել է Դավիթ Բաբայանի հայտարարությունը. Սա ռեալպոլիտիկի՞ց է

«Այսօր մեզ պատրանքներից վերանալու համար հարկավոր է սթափություն, սթափության համար պետք է իրականության գիտակցում»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը մասնակցում է «Հայկական օրակարգ. Ինչպես դուր գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանը։

Նա նշեց՝ հասկանում է, որ ցանկացած մարդ շոկից, դժբախտությունից, ողբերգությունից հետո ցանկանում է  մոռանալ դժնդակ իրականությունը և իր համար ստեղծել հեքիաթային իրականություն, սակայն այդ դժնդակ վիճակը խորանում է։

«Մենք ամանորի ենք պատրաստվում, լույսեր ենք վառում, տոնածառ ենք զարդարում, Եվրատեսիլ ենք անում, բայց թշնամին մեզ վրա կրակում է, մեր գերիներին տանջում է, մեր պետության մայրաքաղաքի նկատմամբ նկրտումներ ունի, մտել է ու գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Ահա այս իրավիճակում մենք ջայլամի նման գլուխներս մտցրել ենք ավազի մեջ ու կրկնում ենք՝ խաղաղության դարաշրջան»,-ասաց ընդդիմադիր գործիչը։

Որպես պատմաբան, անդրադարձ կատարելով հայկական թագավորությունների կործանմանը, նա նշեց, որ գլխավոր պատճառը եղել է վերացական, անտարբեր, ոչ ազգային ու ոչ պետականամետ մոտեցումը։

«Շատ քիչ մարդիկ կան, որոնք գիտակցում են, թե ինչ է կատարվում։ Ի՞նչ է իրականում կատարվում։ Տեղի է ունենում Հայաստանի տոտալ գահավիժում, Հայաստանի երրորդ հանրապետությունն այլևս գոյություն չունի։ Գուցե թղթի վրա գոյություն ունի, բայց Հայաստանի երրորդ հանրապետություն գոյություն չունի, քանի որ դրա ստեղծման սկզբունքները, նպատակներն այլևս գոյություն չունեն։ Երրորդ Հանրապետությունը ծնունդ է ղարաբաղյան շարժման, եթե մենք ուրանում ենք այդ շարժումը, ուրանում ենք, որ Շուշին հայկական է, եթե իշխանավորներն Ալիևից ավելի լավ են հիմնավորում, որ Ղարաբաղն Ադրբեջան է, ուրմեն չունենք հանրապետություն»,-ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ այսօր  Հայաստանում կա օկուպացիոն ռեժիմ, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն առավոտյան «ատչյոտ» է տալիս եվրոպացիներին, ցերեկը՝ ռուսներին, երեկոյան՝ ամերիկացիներին, գիշերը՝ Ադրբեջանին ու Թուրքիային։

«Այս իրավիճակում մենք ընկել ենք իրար վրա քար նետելով՝ ո՞վ է ավելի լավ ընդդիմություն, ո՞վ է ավելի վատ ընդդիմություն, ո՞վ է ավելի ճիշտ, ո՞վ ավելի սխալ։ Մինչդեռ մենք պետք է հասկանանք, թե ոնց է պետք դուրս գալ այս իրավիճակից, որի միակ խոչընդոտը նիկոլիզմն է։ Մենք մեզ պետք է հարց տանք, ո՞նց ենք պատկերացնում Հայաստանը Նիկոլից հետո։ Մեր խնդիրը անձի դեմ չէ, երևույթների դեմ է, որի մարմնավորողն է ինքը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչները պետք է լսեն փորձագետներին ու առաջարկներ ներկայացնեն, մինչդեռ չեն ներկայացվում։

Շարմազանովն ասաց՝ շատերը չեն էլ գիտակցում, որ 2017-2018 թթ աշխարհն ու այսօրվա աշխարհը տարբեր են, շատերի խոսույթը չի համապատասխանում առկա իրողություններին։

«Ասում են՝ Մինսկի խմբի համանախագահներ, հա դա շատ լավ բան է, բայց համանախագահներն իրար հետ պատերազմի մեջ են, իրար վրա կրակում են։ Համանախագահությունն արժեք ունեցել է այն ժամանակ, երբ ունեցել են միասնական դիրքորոշում, մինչդեռ այսօր դրանք միմյանց թշնամի պետություններ են»,-ասաց նա։

ՀՀԿ-ական ասաց՝ երեկ լսել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին ու զարմացել.

«Ասում է, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ռուս խաղաղպահներին երկարաժամկետ առաքելության մանդատ տա։ Սա ռեալպոլիտիկի՞ց է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրները, բացի Չինաստանից, Ռուսաստանին ագրեսոր են համարում, ու Ռուսաստանին պե՞տք է մանդատ տան։ Լավ, մենք ինչքա՞ն պետք է պատրանքներով ու իլյուզիաներով ապրենք, պետք է վերադառնանք իրականություն, վերլուծենք՝ ինչ ունենք, ինչ ենք ուզում»։