Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շատ հստակ հավաստիացումներ ենք ստացել, որ ՀՀ սահմանը ՀԱՊԿ–ի համար կարմիր գիծ է… հարց է ծագում՝ բա կարմիր գիծը որտեղո՞վ էր անցնում. Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս հարցին ի պատասխան՝  Հանրայինի եթերով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների hետ շփումից արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ ՀՀ-ում հանրային որոշակի տրամադրություններ են մեծ քայլերով տեղի ունեցել: Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը: Բայց ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, որ ՀՀ-ում հակառակ մտավախությունը կա, որ ՀՀ-ն կկորցնի ՀԱՊԿ-ին կամ մեկ այլ ձեւակերպմամբ ասում են՝ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձեւակերպեցի, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Սա բառախաղ չէ, սա լուրջ բովանդակություն է, որովհետեւ ի վերջո, եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ հիմա: Շատ բարդ իրավիճակ է: Մենք ակնկալում ենք իրավիճակի հստակ քաղաքական գնահատական:   Աշխատանքային մակարդակով  բազմիցս ՀԱՊԿ–ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ առիթ է, հրապարակային կասեմ։

Երբ նախկինում ՀԱՊԿ–ի մեր գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ՝ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, մենք շատ հստակ հավաստիացումներ ենք ստացել, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ–ի համար կարմիր գիծ է։ Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ Սոթք–Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ–ին, ստացանք տարօրինակ մի արձագանք, որ սահմանը դեմարկացված եւ դելիմիտացված չէ, այստեղ հարց  ծագեց, բա կարմիր գիծը որտեղո՞վ էր անցնում: Դեռ այն ժամանակ մենք հստակ ձեւակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը, սա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀԱՊԿ–ի համար, որովհետեւ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետեւ ՀԱՊԿ–ն ունի պատասխանատվություն գոտի, որը գծանշված է սահմաններով, եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն։ Բայց, օրինակ, Բելառուսի ու Ռուսաստանի միջեւ սահմանը դեմարկացված չէ,  Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ սահմանը դեմարկացված չէ,  հիմա Ադրբեջանը, երբ ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը դեմարկացված չէ,  եւ սահմանային իրադրությունը այդ պատճառով է լարվում, դա նշանակում է, որ, օրինակ, տեսականորեն կարող է նաեւ Ադրբեջանը Ռուսաստանի, իսկ Ռուսաստանն էլ Ադրբեջանի տարածք ներխուժի, իսկ երբ ասեն, թե էս ինչ է կատարվում, ասեն՝ սահմանը դեմարկացված չէ»:

Հաջորդ հարցին, թե ինքը որպես ՀԱՊԿ նախագահող ունի այն հարցի պատասխանը, թե ՀԱՊԿ–ը կֆիքսի՞ պատասխանատվության գոտին, Փաշինյանը շարունակեց՝ պարզաբանելով, թե ինքը հարցազրույց է տալիս որպես ՀՀ վարչապետ, այլ  ոչ թե ՀԱՊԿ նախագահող։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ Հայաստան այցելության մասին՝ Փաշինյանն ասաց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կատարում է Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունը՝ տեղում իրավիճակը գնահատել եւ իր գնահատականը ներկայացնել։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել, եւ ինքը ներկայացրել է, թե ինչ եզրակացությունների են հանգել։ Ես այդ եզրակացությունների համատեքստում մեր դիտողություններն եմ ներկայացրել եւ առաջարկություններ։

Մեծ հաշվով որոշումները կայացնում է ոչ թե ՀԱՊԿ քարտուղարը, այլ Հավաքական անվտանգության խորհուրդը։ Շատ կարեւոր է այստեղ՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական ձեւակերպելո՞ւ է իրավիճակի վերաբերյալ, թե՝ ոչ։ Ադրբեջանի ագրեսիայի ակտը պետք է արձանագրվի եւ Ադրբեջանի ագրեսիայի ակտի վերացման հստակ ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի։ Սա պետք է լինի կարմիր գիծը, որը դե յուրե ֆիքսված է, եւ ՀԱՊԿ-ի անկյունաքարն է։ Եթե որեւէ մեկը գա վերջնական եզրակացության, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, չնայած այդպիսի եզրակացության գալու ոչ մի հիմք չկա, ինքը կարձանագրի, որ ՀԱՊԿ պարզապես չկա»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ