Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շեքսպիրյան 16-րդ փառատոն. երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-22-ը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրի՝  նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից,  Ռումինիայից, Ղազախստանից, Հարավային Օսեթիայից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

Ներկայացում կցուցադրվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում․ Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն․ փառատոնի օրերին վարպետաց դասեր կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է  հռչակավոր ռեժիսորի հետ  շփվելու համար։

Փառատոնի բացումը տեղի կունենա. հոկտեմբերի 17-ին` ժ. 19:00-ին,  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նշվում է, որ այս տարի Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվում են հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Կլինի տոմսերի վաճառք և փառատոնից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

Փառատոնն անցկացվում է «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։