Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Շեշտադրելով 29 000 կմ2-ն՝ Ալիեւը երկրորդում է «4-րդ» Նիկոլ Փաշինյանին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 16-ին եւ դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներն է հղել հայկական կողմին, «խաղաղության պայմանագրի» համար պահանջը վերահաստատել ու զգուշացրել, որ ՀՀ-ն պատասխանատվություն կկրի «զանգեզուրյան միջանցքը» չբացելու համար։ Թեմայի շուրջ «Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

– Պարոն Դավթյան, Ձեր գնահատմամբ՝ գործողությունների ինչպիսի՞ հաջորդականությունը հանգեցրեց նրան, որ Իլհամ Ալիեւն այսօր պայման է դնում՝ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կկնքի այն դեպքում, երբ Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի մաս։

– Մինչեւ այս հայտարարությունը մի քանի դիտարկում է պետք առանձնացնել՝ 2018-2020թթ. ժամանակահատվածի եւ դրանից հետո ընթացած իրողությունների համար։ 2018-2020թթ.-ին արվեց ամեն բան, որպեսզի Արցախն իր սուբյեկտայնությունը կորցնի, եւ չեղարկվեն նախորդ բանակցություններում ձեռքբերված այն հնարավոր նվազագույն ու դրական պայմանները, որոնք արդեն իսկ արձանագրված էին՝ Արցախի անկախության եւ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ», հետո ասում էր, թե ինքն Արցախի ժողովրդից ընտրված վարչապետ չէ։ Բացի այդ, ինքը խոսեց նաեւ «սեփական՝ զրոյական կետից» սկսելուց, ինչը վկայում է, որ Հայաստանի ոչ հայկական կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ արել է հնարավորը, որպեսզի բանակցություններում նախորդիվ ձեռքբերված դրույթները չեղյալ համարվեն։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի՝ «զրոյական կետից» սկսելը հանգեցրեց պատերազմի, Արցախի սուբյեկտայնության կորստի, տարածքային կորուստների, ավելի կոնկրետ՝ օկուպացիայի։ Մինչեւ 2021թ.-ի ընտրությունները Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրենք պայքարելու են Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի համար, նպաստելու են Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու կամքին։ Այսինքն, հայտարարությունների մակարդակում նա խոսում էր հայամետի դիրքերից։ Սակայն 2021թ.-ից հետո փաստացի արդեն «երրորդ» Նիկոլ Փաշինյանը նախ ԱԺ-ում եւ կառավարության նիստերում արած հայտարարություններով հրաժարվեց Արցախից՝ շատ տարածքներ անվանելով ոչ հայկական, ինչին աջակցեցին ՔՊ-ական որոշ պատգամավորներ՝ ասելով, թե «հողեր ունենք տալու» Ադրբեջանին։ Սա Ադրբեջանին նվազագույն լեգիտիմություն տվեց՝ հետագայում (արդեն հիմա) խոսելու, որ Հայաստանը պետք է ընդունի իր պայմանները։ Ադրբեջանի տեսակետից Արցախի հայությունը փոքրամասնություն է, որը պետք է կապ հաստատի  իր հետ, եւ ոչ Հայաստանը։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը 2021թ.-ի ընտրությունների ժամանակ ստել է իրեն ձայն տված քաղաքացիներին, հետո նաեւ՝ մեզ բոլորիս։ Հետեւանքում ունեցանք այն փաստը, որ Իլհամ Ալիեւը միջազգային հանրության առաջ է դնում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները, այլեւ նրա թիմակիցների հայտարարությունները, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տալիս ասելու, թե ՀՀ-ն Արցախն ընդունել է Ադրբեջանի կազմում, եւ Արցախը պետք  է ենթարկվի Ադրբեջանի ներպետական օրենսդրությանը։ Այսպես միջազգային հանրությունն ընկալում է Ադրբեջանին, որովհետեւ Հայաստանն է հրաժարվել Արցախից, թողել է, որպեսզի Բաքուն թելադրի իր պայմաններն Արցախին։ Հետեւաբար, Արցախն այսօր հայաթափման եզրին է։ Մնացած հայտարարությունները «երրորդ» Նիկոլ Փաշինյանին արդարացնելու միտումներ են։

– Ալիեւն իր պայմանները շեշտադրել էր նաեւ այն համատեքստում, որ դրանք Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու համար են։

– Սա ուղղակի ռազմական ագրեսիայի մասին փաստել է՝ պատերազմ սկսելու դրվագներից մեկը։ Շեշտադրելով 29 000 կմ2-ն՝ Ալիեւը երկրորդում է արդեն «4-րդ» Նիկոլ Փաշինյանին, որն ասում էր, թե ՀՀ-ն ճանաչում է 29 000 կմ2-ով։ Մինչդեռ հստակ թիվը 29,743 կմ2 է։ Նախ, իմ համոզմամբ, ամբողջական թիվը չասելով՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ադրբեջանին տալու, այսպես կոչված, «անկլավները», որոնք ապօրինաբար ՀՀ-ից բռնակցվել էին Ադրբեջանին։ Երկրորդ, նպատակ ունի Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։ Արդյունքում ունենում ենք իր «կլորացրած» թիվը։ Ատացվում է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցած ՀՀ տարածքների օկուպացիան պատերազմի նախերգանք է։ Բացի այդ, ՀՀ-ին նպատակ ունեն զրկելու սուբյեկտայնությունից եւ միջազգային գործընթացներում ունեցած դերակատարումից։

– Երբ իշխանության ընդդիմախոսները փաստում են, որ վերջինս հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից, Փաշինյանն ու իր թիմակիցները պնդում են, թե կողմ են այնպիսի տեսանելի միջազգային մեխանիզմի, որի ներքո Բաքուն եւ Ստեփանակերտը կկարողանան երկխոսել ԼՂ հայության «իրավունքների եւ անվտանգության» շուրջ։ Ձեր ընկալմամբ՝ ի՞նչ մեխանիզմի մասին է խոսքը, ի՞նչ եզրակացնել։

– Նախեւառաջ, Հայաստանի դիրքորոշումն է ընկնում միջազգային հանրության մոտեցումների հիմքում։ Գերմանիայի կանցլերի դիրքորոշումն, օրինակ, հստակ ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքն է կարեւորվում։ Սա ապացուցում է մինչեւ 2018թ.-ը եղած բանակցային փաթեթի բովանդակությունը, որը նպատակ ուներ արցախահայության ինքնորոշման իրավունքի ապահովումը։ Սակայն 2021թ.-ից հետո «3-րդ» Նիկոլ Փաշինյանը դա դրեց մի կողմ ու սկսեց խոսել ոչ թե ինքնորոշման իրավունքի մասին, այլ Արցախում ապրող «հայության իրավունքների մասին»՝ արցախահայությանը ներկայացնելով որպես փոքրամասնություն։ Միջազգային հանրությունը, բնականաբար, ականջալուր եղավ սրան. հետեւաբար՝ իրենք չեն պաշտպանելու արցախահայության շահերը, եթե մենք ինքներս չենք անում դա։ Անվտանգության մասին. իմ համոզմամբ՝ Ադրբեջանի կազմում արցախահայության անվտանգության եւ իրավունքների ապահովումն ուղիղ համեմատական է հայաթափմանն ու էթնիկ զտումներին՝ սպանդի ենթարկելուն, եւ քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը  ոչնչացնելուն։ Ադրբեջանի «պատմական գրքերը» գալիս են ապացուցելու, որ ամբողջապես միտված են Արցախը ոչ հայկական ներկայացնելուն, հետեւաբար՝ փորձելու են իրենց տեսանկյունից «պատմական արդարությունը» վերականգնել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ