Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շիրակի փոխմարզպետի պաշտոնավարման հարցը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկուհի Հարությունյանի նախագահությամբ, քննարկելով Ալբերտ Այվազյանի Շիրակի փոխմարզպետի հանրային պաշտոնը զբաղեցնելու ու միաժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելու հարցը, հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից անհամատեղելիության պահանջները խախտվել են։

Ընդ որում, այս դեպքում պաշտոնի անհամատեղելիությունը ոչ թե առնչվում է ավագանու անդամի, այլ մարզպետի տեղակալի պաշտոնին, ուստի և այդ խախտումը, ըստ հանձնաժողովի, հիմք է մարզպետի տեղակալի լիազորությունների դադարեցման ։

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմում էր հասցեագրել Ախուրյան խոշորացված համայնքի «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Կարեն Արշակյանը՝ տեղեկացնելով, որ Ալբերտ Այվազյանը երկու անհամատեղելի հանրային պաշտոններ է զբաղեցնում․ նա, լինելով  Ախուրյան խոշորացված համայնքի ՔՊ խմբակցության ավագանու անդամ, միաժամանակ Շիրակի մարզպետի տեղակալ է։

Կարեն Արշակյանը, մեջբերելով «Հանրային ծառայության մասին» մասին օրենքի 31 հոդվածի պահանջները՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրել է հարուցել վարույթ ու տալ եզրակացություն Ալբերտ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման առկայության վերաբերյալ։

Դիմումատու Արշակյանը, որն այս պահին Ախուրյան խոշորացված համայնքի փոխհամայնքապետն է, մանրամասնորեն ներկայացրել է, որ Ալբերտ Այվազյանը 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։

Ավագանու անդամ ընտրվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունվարի 5-ին նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ։

2022 թվականի հուլիսի 11-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Ալբերտ Այվազյանի նկատմամբ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ հարուցել է վարչական վարույթ, իսկ սեպտեմբերի 20-ին եզրակացություն գրել, ըստ որի՝ նա խախտել է «Հանրային ծառայության մասին օրենքի» 31 հոդվածի 1-ին մասի պահանջները։

Հանձնաժողովի՝ 10 էջից բաղկացած ուսումնասիրության մեջ ներառված են նաև Ալբերտ Այվազյանի պարզաբանումներն այս թեմայի շուրջ։

Այդուհանդերձ Aravot.am-ը զրուցեց թե՛ Ալբերտ Այվազյանի և թե՛ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի հետ։

Մեր հարցին՝ նման եզրակացության դեպքում ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Արծրուն Իգիթյանը կարծիք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ Ալբերտ Այվազյանն է որոշելու՝ որ պաշտոնում մնալ։

Արծրուն Իգիթյանը հորդորեց այդ հարցը ուղղել Ալբերտ Այվազյանին։

Մենք Ալբերտ Այվազյանից հետաքրքրվեցինք, թե տվյալ դեպքում ինչպե՞ս է վարվելու։ Նա նշեց, որ չի հրաժարվելու ո՛չ փոխմարզպետի պաշտոնից, ո՛չ էլ վայր է դնելու ավագանու անդամի մանդատը։

Ալբերտ Այվազյանն ասաց․ «Ոչ մի պաշտոնից էլ դուրս չեմ գալու, օրենք է փոխվել մեր երկրում․ «Հանրային ծառայության մասին» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել հուլիսի 1-ից, որով 31 հոդվածն այսուհետ չի վերաբերվում ավագանու անդամներին»։

Նկատենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր ներկայացրած փաստաթղթում ևս անդրադարձ է կատարել տվյալ օրենքում կատարված փոփոխությանը , սակայն հիշեցրել է, որ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվելուց մեկ ամսվա ընթացքում Ալբերտ Այվազյանի կողմից պիտի կատարվեին օրենքի պահանջները, որը և չի ապահովվել։

Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ մարզպետի տեղակալի պաշտոնը պետական վարչական պաշտոն է , օրենքի իմաստով՝ հանրային պաշտոն է, կիրառելի են օրենքի 31-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջները։

«Օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը»։ Ըստ այդ պահանջների, վերջիններս չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ այս դեպքում պաշտոնի անհամատեղելիությունը ոչ թե առնչվում է ավագանու պաշտոնին, այլ մարզպետի տեղակալի պաշտոնին և տվյալ պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով պայմանավորված անհամատեղելիությանը։

«Եթե սույն դեպքն առնչվեր ավագանու պաշտոնին, ապա Ալբերտ Այվազյանի կողմից օրենսդրությամբ սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում վերջինիս համար որպես ավագանի լիազորությունների դադարեցման հիմք կառաջանար։ Մինչդեռ, սույն դեպքում, մարզպետի տեղակալի կողմից անհամատեղելիության պահանջների խախտումը հիմք է մարզպետի տեղակալի լիազորությունների դադարեցման։

Սույն վարույթի շրջանակներում պարզված փաստական հանգամանքների համադրումից և վերոնշյալ իրավական նորմերի պահանջների վերլուծությունից հանձնաժողովը եզրահանգում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը միաժամանակ զբաղեցնելով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամի պաշտոնը, զբաղեցնում է իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն տեղական ինքնակառավարման մարմնում։

Ալբերտ Այվազյանի կողմից ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվելուց մեկ ամսվա ընթացքում չի ապահովվել օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը։

Ըստ գործում առկա փաստական տվյալների, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի կողմից որևէ գործողություն չի իրականացվել համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ։

Արդյունքում վերջինս խախտել է «Հանրային ծառայության մասին օրենքի» 31-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները», -գրված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրահանգման մեջ ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ