Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շուտով այս խեղկատակությունը կավարտվի

Բիշքեկում ԵՏՄ հավաքի շրջանակում առանձնազրույց են ունեցել Պուտինը եւ Փաշինյանը։ Զրույցի բաց մասում Փաշինյանը քաջաբար բարձրացրել է դեկտեմբերի 3-ին Լաչինի միջանցքը փակելու հարցը: «Վստահ եմ, որ դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում մտավախություններ կան այդ կապակցությամբ», Պուտինին ասել է Փաշինյանը:

Սովորաբար, անթիվ առանձնազրույցներում Փաշինյանը քաջաբար բարձրացնում է այս կամ այն խնդիրը, որին Պուտինը սովորաբար պատասխանում է նույն բովանդակությամբ խոսքով, միայն թվերն են փոխվում։ Այս անգամ էլ բացառություն չէր․ «Եվս մեկ անգամ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկեր. Հայաստանի ավելի քան 30 տոկոս ապրանքաշրջանառությունը Ռուսաստանում է իրականացվում: Ռուսաստանը համարվում է, երևի թե, հիմնական ներդրողը Հայաստանում՝ մոտ 40 տոկոսի ներդրում: Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս: Դա շատ լուրջ և լավ ցուցանիշ է», Փաշինյանին ասել է Պուտինը:

Սա ռուսական միակ մանթրան չէ, տարբեր հաշվարկներով՝ կա մոտ 30, հայերին ամենահայտնին՝ «եռակողմ հայտարարությունները պետք է անվերապահ կատարվեն, Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը» եւ այլն։ Հիշվում է Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմությունը», երբ ամենասարսափելի քաղաքապետի գլուխն ի վերջո բացում են եւ այնտեղ գտնում միայն ձայնասկավառակ։

Հայ-ռուսական այս խեղկատակությունն իր դերակատարներով ու սազանդարներով շուտով կավարտվի։