Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սկզբում բացեցին ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, հիմա սա, այսպես էլ կշարունակվի, քանի դեռ․․․

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

Պարոն Հայրիկյան, օրերս մի քանի ժամով փակվեց Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը, ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

Նոյեմբերի 9-ի այդ խուժանությամբ ամեն հնարավորություն ակնհայտորեն տրված է հակառակորդներին։ Այսինքն՝ ցավոք սրտի, սա պետք է օրինաչափ համարել։ Մինչև նոյեմբերի 9-ը մենք ունեինք Արցախի հետ միացող երկու ճանապարհը, մեկը խաթարված էր մի փոքր, բայց մյուսը 100 տոկոսով մեր տիրապետության տակ էր։ Հայաստանն այդ ի՞նչ վիճակում էր, տարածքների ու բնակչության կեսը կորցրե՞լ էր, տնտեսական ու ռազմական ներուժը ոչնչացվա՞ծ էր, որ այդպիսի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեցին։ Դա ռազմագիտության տեսանկյունից բացարձակ անհասկանալի է, երբ այդքան զոհեր տալուց հետո հենց այնպես հանձնում ես Արցախի հետ կապող ճանապարհները ու Արցախի տարածքները։ Այստեղ արդեն խոսելու բան չի մնում, ամեն ինչ արվել է այն ժամանակ։ Հակառակորդը, մենք գիտենք, բարի պտուղ չէ, իր դաշնակցի հետ միասին այս իրավիճակն օգտագործում է։ Ռուսաստանն այս պահին ավելի շատ դաշնակից է Ադրբեջանի հետ, մարդիկ պարզ ասել են՝ Ռուսաստանն ավելի շատ մեզ է դաշնակից, քան Հայաստանին։ Թշնամիների նպատակը լավագույն դեպքում հակառակ կողմի թուլացումն է, իսկ ավելի խորը՝ նրա ողջ ռեսուրսին տիրապետելը կամ վերահսկողության տակ պահելն է։

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը հայտարարեց, որ Բաքվի հետ համատեղ մաքսակետ կտեղակայեն Բերձորի միջանցքում, հետո ասացին, թե ռենտգեն-սկաների տեղակայում է նախատեսվում։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

Սկզբում բացեցին ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, հիմա սա, այդ ի՞նչ է կատարվում, ի՞նչ համատեղ կենտրոններ են բացում։ Պուտինն ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ես եմ գրել, եթե ուկրաինացիները թողնեին, մի հատ էլ Ուկրաինայի համար կգրեր։ Պետք է թույլ չտաս, հայրենիքդ պետք է պաշտպանես։ Երբ հայրենիքիս բարոյագաղափարական դիրքերում կանգնած եմ եղել, քանի-քանի անգամ ինձ ամենաթանկ բանն են առաջարկել՝ ազատությունը։ Ասել եմ՝ կորեք գրողի ծոցը, ես իմ հայրենիքը չեմ ուրանա։ Իսկ այս ազգապիղծները, սրբապիղծները․․․ Կրկնում եմ՝ տրված էր մեր ազգային ներուժի հազիվ 1 տոկոսը, ես ասում եմ՝ նույնիսկ 3 տոկոսը, բայց այսպիսի փաստաթղթեր կնքում են միայն նրանք, այն էլ քեզ ոչնչացնելու մտադրություն ունեցող թշնամու հետ, երբ ներուժի 70 տոկոսից ավելին կորցրել են։ Այնպես որ, ամեն ինչ սկսվում է նոյեմբերի 9-ից և այսպես էլ պետք է շարունակվի, քան դեռ մենք ելման կետեր վերադառնալու մասին խոսելիս չենք հիշատակում, որ կա Մինսկի խումբը, և Մինսկի խումբը հանձնարարել էր ուժ չկիրառել, չպատերազմել։ Վերջ, պետք է ամեն հարց լուծել բանակցություններով։ Իսկ մերոնք, երբ այսօր խոսում են ելման դիրքերի մասին, նկատի են ունենում նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը։ Այ քեզ խայտառակություն, բա նոյեմբերի 9-ը դուք բնականո՞ն եք համարում։ Նիկոլը կարող է բնականոն համարել, բայց այսպես կոչված ընդդիմադիրներն ի՞նչ ընդդիմադիր են։ Բա ինչո՞ւ եք Նիկոլին կապիտուլյանտ ասում, եթե դուք նոյեմբերի 9-ն ընդունում եք, ուրեմն դուք էլ եք կապիտուլյանտ։