Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սուքիասյանների ընտանիքի անվան հետ կապվող բանկը չի ցանկանում միջոցներ հատկացնել կենսաթոշակառուների համար

Անկանխիկ եղանակով կենսաթոշակը տնօրինելու արդյունքում 10 տոկոս հետվճարի պետական ծրագրին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայեկոնոմբանկ»-ը չի միացել։ Այս մասին Panorama.am-ի խմբագրությանը հայտնեց մի կին, որն իր կենսաթոշակը ստանում է «Հայէկոնոմբանկ»-ի միջոցով։

«Ես տարիներ շարունակ կենսաթոշակ ստացել եմ այս բանկի միջոցով, հիմա ցանկանում եմ օգտվել կառավարության որոշմամբ ընձեռված հետվճարի հնարավորությունից, սակայն պարզվում է, որ իրենց քաղաքական թիմի անդամի ընտանիքի անվան հետ կապվող բանկը չի միացել իրենց իսկ կողմից ընդունած որոշմանը, ինչն աբսուրդ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց կենսաթոշակառուն, որը չցանկացավ ներկայանալ։

Նրա գնահատմամբ, օրենսդիր մարմնի ներկայացուցչի ընտանիքը, որը շատ բիզնեսներ ունի, կենսաթոշակառուներին աջակցելու համար պետության պարզած ձեռքն օդում է թողել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ ծրագրի շրջանակում նախարարության գործընկերներն են ԱԿԲԱ բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։  Այս չորս  բանկերից միասին օգտվում է կենսաթոշակառուների շուրջ 60 տոկոսը։

«Ծրագրին բանկերն իրենց ցանկությամբ են միանում, ինչո՞ւ չի միացել ծրագրին Ձեր կողմից նշված բանկը, ես չեմ կարող իրենց փոխարեն պարզաբանում տրամադրել»,-ասաց նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։

Գերատեսչության տրամադրած տվյալների համաձայն, «Հայէկոնոմբանկ»-ից օգտվում է շուրջ 51.700 շահառու կամ կենսաթոշակառուների մոտ 9 տոկոսը։ Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակ է ստանում 585 հազար մարդ։

«Հայէկոնոմբանկ»-ից չցանկացան բանավոր պատասխանել հարցին՝ թե ինչո՞ւ չեն միացել կենսաթոշակառուների շահերից բխող այս ծրագրին։ Ասացին՝ հարցերը գրավոր ուղարկեք բանկի էլ. փոստին։ Գրավոր հարցում բանկին խմբագրությունը կուղարկի։

Կարելի է ենթադրել, որ  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Խաչատուր Սուքիասյանի գործարար ընտանիքն ուղղակի չի ուզում գումար հատկացնել կենսաթոշակառուներին ու նպաստառուներին։ Հիշեցնենք, որ նրանց տրամադրվող հետվճարը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝


պետություն՝ 5%, համագործակցող բանկ՝ 5%:

Եթե համարենք, որ «Հայէկոնոմբանկ»-ի կենսաթոշակառու բոլոր շահառուներն իրենց կենսաթոշակի գումարը ծախսելու են անկանխիկ եղանակով ու ստանալու են առավելագույն 5 հազար դրամի չափով հետվճար, ապա բանկն իր միջոցներից պետք է վճարեր 129.3 մլն դրամ։ Իրականում այս գումարն ավելի քիչ է լինելու, քանի որ  ոչ բոլորին է հարմար անկանխիկ գործարքն ու ոչ բոլորի դեպքում է հետվճարը կազմելու առավելագույն 5 հազար դրամ։

Հիշեցնենք, որ  կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար։

Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50.000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։
Ծրագրին միացած քաղաքացիները հոկտեմբերի ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։