Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սպասվում է «կառուցողական երկխոսություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Լաչինի միջանցքում» հայկական բնակավայրերի հանձնումը հայաստանցիների մեծամասնությանը, որքան հասկանում եմ, չի հետաքրքրում: Ով էլ որ թեթեւ հետաքրքրություն է դրսեւորում, նրան, հավանաբար, միանգամայն բավարարում է իշխանությունների բացատրությունը, թե այդ հանձնումը նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Սակայն նրանք, ովքեր նեղություն կքաշեն եւ կկարդան այդ փաստաթուղթը, հեշտությամբ կհամոզվեն, որ Բերձորի եւ Աղավնոյի մասին այնտեղ ոչ մի բառ չկա, եւ այլընտրանքային ճանապարհի պլանը կողմերը պետք է համաձայնեցնեին երեք տարվա ընթացքում: Ի՞նչն է պատճառը, որ հիմա՝ մեկուկես տարի անց, չնայած այն բանին, որ նույն Հայաստանի իշխանությունների պնդմամբ, ոչ մի պլան համաձայնեցված չէ, շուտափույթ անհրաժեշտություն առաջացավ այդ բնակավայրերը հանձնելու: Դա ոչ ոք չի բացատրում:

Բայց դրանք, կրկնեմ, այնպիսի «նրբություններ» են, որոնք մեր երկրի բնակչության մեծ մասին չեն հետաքրքրում: Իսկ արդյո՞ք այդ ամենը հուզում է Հայաստանի ընդդիմությանը: Ես, ճիշտն ասած, չեմ հանդիպել ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հայտարարություններ, որոնցում ոչ միայն գնահատական է տրվում վերջին իրադարձություններին, այլեւ լրջորեն խոսվում է անելիքների մասին: Եթե Փաշինյանի կառավարությունն անհապաղ հրաժարական տա, ինչպես որ իրենք են պնդում, եւ իշխանությունն անցնի իրենց ձեռքը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Եթե ընդունենք, որ այդ զիջումն անխուսափելի է, ապա ո՞րն է լինելու հաջորդը, եւ ո՞րն է այն սահմանագիծը, որից հետո այլ զիջումներ հնարավոր չեն լինի: Այդ հարցերի լուրջ, կշռադատված պատասխան ես ոչ մի քաղաքական գործչից չեմ լսել:

… Կգա սեպտեմբերը, խորհրդարան կվերադառնան ընդդիմադիր գործիչները եւ կասեն, որ Փաշինյանը «թուրք է» եւ «դավաճան»: Դրան վարչապետը կպատասխանի, որ դավաճանն իրենք են, որովհետեւ այսինչ թվին Քոչարյանը այսինչ բանն էր բանակցում, իսկ այնինչ թվին Սերժ Սարգսյանն այնինչ թեման էր քննարկում ադրբեջանցիների հետ, եւ, ընդհանրապես, Բերձորի եւ Աղավնոյի ճակատագիրը որոշված էր դեռեւս 1991 թվականին:

Ինչ խոսք՝ «կառուցողական երկխոսություն» է: Կարելի է ասել, որ երկու կողմերը յուրովի «ջան են ասում» եւ «ջան են լսում»: Եթե այդ մարդկանց չճանաչեի՝ կմտածեի, որ նրանք պայմանավորվել են:

Արամ Աբրահամյան