Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ստացվում է, որ մահակը կարող է այսուհետ լինել մետաղյա՞. Ագնեսա Խամոյան

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի «հատուկ միջոցների գործադրում» բաժնում մահակից առաջ հանվել է ռետինե բառը։ ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ապա հարցրեց. «Ստացվում է, որ մահակը կարող է այսուհետ լինել մետաղյա՞»։

Հարցի հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց.


«Ոչ։ Մահակը չի կարող լինել մետաղյա, մահակը կարող է լինել կամ ռետինե, կամ համապատասխան  կաուչուկե կամ, ըստ էության, այլ նյութից։ Մահակը մետաղյա չի կարող լինել այն  պարզ պատճառաբանությամբ, որ մարդու իրավունքների  պաշտպանության սխեմայում մենք ունենք բավական  բարձր ստանդարտներ  և, հետևապես,  ոստիկանության ձեռքին չեն կարող տրվել նմանատիպ գործիքներ, որոնք կարող են  անհամաչափ ուժի կիրառման  պատճառ հանդիպանալ»։

Ա.Խամոյանը հարցրեց, թե ինչո՞ւ են ռետինե բառը հանել, և եթե լինելու է կաուչուկե և ռետինե, ինչո՞ւ չեն ավելացրել կաուչուկե կամ ռետինե, թողնված է միայն «մահակ» բառը։

«Ես նշեցի, որ կարող է լինել ռետինե կամ կաուչուկե, կամ այլ որևէ այնպիսի նյութից, որը համահունչ կլինի կամ ռետինին կամ  կաուչուկին, բայց  այն չի կարող երբեք ընկալվել որպես մետաղյա մահակ։ Ինչո՞ւ չենք գրել ռետինե կամ կաուչուկե,  որովհետև այսօր էլ եթե նայեք լավ փորձն այս տեսանկյունից, կգտնեք  այնպիսի նյութեր, որոնցից պատրաստված են տարբեր մահակներ։

Վստահեցնում եմ՝ խոսքը երբեք չի կարող լինել մետաղյա մահակի մասին»,- ասաց Արփինե Սարգսյանը։