Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թոշակն ավելացնում են, նպաստը՝ կտրում

Պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։ Այս մասին հայտնում են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ պետական մարմնի, անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող  ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն օրինակ կենսաթոշակների։

Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):

«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։ Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար  անհրաժեշտ է  ունենալ ոչ թե «28.00» , այլ՝ «20.00»  միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.00» –ից «20.00»  միավորի միջակայքում չի բերել։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 քաղաքացի․  անապահովության գնահատման նոր համակարգի ներդման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,-նշում են նախարարությունից։