Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տարվա առաջին ամիսներին ևս պահպանում ենք բարձր տնտեսական ակտիվության տեմպը. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախորդ տարվա տնտեսական բարձր աճից հետո այս տարվա սկզբին ևս արձանագրում է բարձր տնտեսական ակտիվության տեմպի պահպանում, տարվա ընթացքում նախատեսվում են խոշոր ներդրումային աշխատանքներ, բացի այդ՝ պետությունն աշխատում է Հայաստան ներդրումային ծրագրերի մուտքը մեծացնելու ուղղությամբ: Քերոբյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքում արձանագրված տնտեսական ցուցանիշներն ու անդրադառնալով 2023-ի հիմնական անելիքներին, նախատեսվող ծրագրերին, «չոր նավահանգստի»-ն, լաստանավային հաղորդակցության գործարկմանը: 2022-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.2 տոկոսով: Անդրադառնալով տեսակետներին, թե տնտեսության աճը պայմանավորված է մեծ մասամբ նախորդ տարի Հայաստան ռուսաստանցիների ներհոսքով՝ նախարարն ընդգծեց, որ աճ են գրանցել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը՝ շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, ծառայությունները, առևտուրը, միայն հանքարդյունաբերությունն է, որ անկում է ունեցել:

«Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհը ֆրագմենտացվել է: Եվ այդ ֆրագմենտացվածության արդյունքում որոշակի վերադասավորումներ են տեղի ունեցել: Պետք է ուրախությամբ նշեմ, որ, չնայած բազմաթիվ բարդություններին, որ ունեցել ենք, նաև կարողացել ենք օգտագործել այն հնարավորությունների որոշ մասը, որը ստեղծել է այս ֆրագմենտացումը: Մեր աշխատանքը պետք է լինի այս առաջացած հնարավորությունները «ցեմենտելը», որպեսզի մեր տնտեսավարողները կարողանան ամրապնդել նախորդ տարի գրանցած հաջողությունները»,-ասաց Քերոբյանը: Անդրադառնալով դեռ նախորդ տարի սպասվող լաստանավային հաղորդակցության գործարկման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ Լարսի անցակետն այս պահին անխափան աշխատում է, Հայաստանից դուրս եկող մեքենաները մեկ օրում հասնում են Ռուսաստան: «Մեծ ծավալի ապրանքաշրջանառություն կա: Լարսի անցակետով օրական անցնող մեքենաների քանակն աննախադեպ շատ է: Դա ևս վկայում է, որ տարվա առաջին ամիսներին ևս պահպանում ենք բարձր տնտեսական ակտիվության տեմպը»,-ասաց նախարարը:

Քերոբյանը վստահեցրեց, որ լաստանավային հաղորդակցության գործարկման ուղղությամբ աշխատում են, քանի որ Լարսին այլընտրանքային ճանապարհ պետք է: Բանակցությունները շարունակվում են, սակայն ժամկետների մասին նա չնշեց: Խոսելով Գյումրիում նախատեսվող «չոր նավահանգստի» ծրագրից՝ Քերոբյանն ասաց. «Մենք ստեղծում ենք առաջնակարգ արդյունաբերական ենթակառուցվածք, որտեղ ընկերությունները կարող են հեշտությամբ սկսել իրենց արտադրական գործընթացները, նաև, օգտագործելով լոգիստիկ հնարավորությունները, համեմատաբար էժան գներով տեղափոխել մոտակա նավահանգիստ կամ մոտակա օդանավակայան»:

Նախատեսվում է, որ այս տարվա վերջին արդեն համապատասխան օպերատորն ընտրված կլինի, որն էլ կսկի ներդրումային աշխատանքները: Այս ծրագիրը ներկայացվել է վարչապետի գլխավորած հանրային ներդրումային կոմիտեին և նախնական հավանության է արժանացել: Իսկ, թե 2023-ի արդյունքում տնտեսական աճը որքան կլինի, Քերոբյանը չի շտապում հստակ թվեր նշել՝ հիշեցնելով, որ անցյալ տարվա հունվարին արված կանխատեսումներից և ոչ մեկն իրականություն չդարձավ, քանի որ աշխարհը բավականին անկանխատեսելի է՝ տարբեր իրադարձություններով պայմանավորված: Այնուամենայնիվ, բյուջեով թիրախավորված ՀՆԱ-ի 7-տոկոսանոց աճը լինելու է կառավարության թիրախը: «Եվ մենք մեր աշխատանքներում հիմնվելու ենք այդ ցուցանիշին հասնելու վրա»,-նշեց Էկոնոմիկայի նախարարը:

Իսկ, թե ի՞նչ ճանապարհով, ի՞նչ աշխատանքով է կառավարությունը հասնելու տնտեսական աճին՝ Քերոբյանը նշեց խնդիրների մասին, որոնց ուղղությամբ աշխատում են: Առաջինը, ըստ նրա, աշխատուժի սուր պահանջարկն է: «Աշխատուժի պահանջարկը լրացնելու համար նույնիսկ դիմում ենք արդեն օտարերկրյա աշխատուժին: Տեսնում եք՝ բավականին մեծ ծավալի օտարերկրյա ցածր որակավորում ունեցող աշխատուժ կա Հայաստանում Հնդկաստանից, Իրանից, Կենտրոնական Ասիայից և այլն: Երկրորդ գլխավոր խնդիրը մնում է անվտանգային խնդիրը, անվտանգային միջավայրի կայունացումն ու լավացումը, բնականաբար, օգնելու է տնտեսական ակտիվությանը: Երրորդը լոգիստիկ խնդիրներ են, որոնք տարվա ընթացքում մեզ շատ են խանգարում, հուսով եմ, որ տարվա ընթացքում դրանք քիչ կլինեն: Մեծ աշխատանք ենք անում հիմա, որ մեծացնենք ներդրումային ծրագրերի մուտքը հայկական շուկա»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ այսօր դեռևս բավականին հեռու են կառավարության ծրագրում նախանշված թիրախներից՝ այն է ներդրումների հարաբերակցությունը հասցնել ՀՆԱ-ի մինչև 25 տոկոս մակարդակին: Այդ ուղղությամբ փորձում են մոբիլիզացնել կարողությունները: Քերոբյանի խոսքով՝ քննարկման վերջնական փուլում են մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր: Այս տարի նախատեսվող խոշոր աշխատանքների, տնտեսության վրա դրամի արժևորման ազդեցությանը և այլ հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ՝ դիտելով հարցազրույցն ամբողջությամբ: