Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես ապառիկ հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանը 280 հազար դոլարով առանձնատուն ձեռք բերեց

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։ Այս մասին երեկ հրապարակում էր ունեցել Սիվիլնեթը եւ նաեւ ներկայացրել առանձնատան կադրերը:

Ինչպես պարզել է լրատվամիջոցը, փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել և գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։

Ամուսինները առանձնատունը ձեռք են բերել 112 մլն դրամով (ըստ Կադաստրի՝ շուկայական արժեքը 115 մլն դրամ է)։ Հատկանշական է, որ պայմանագրում նշված չէ վարկի տոկոսավճարը։

Ընդհանուր առմամբ, «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու Աբաջյանը մինչև 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։

Այս պայմանագիրն ու գնումը մի քանի հարցեր են առաջացնում.

Նախ ինչպես է Արարատ Միրզոյանը գնել արդեն իսկ բանկում գրավադրված տունը, ինչպես է իմացել դրա մասին:

Ինչպես է նա  գնել այն առանց կանխավճարի:

Եվ առհասարակ պետք է ստուգել այս գույքի ծագումնաբանությունը:

Նկատենք՝ Արարատ Միրզոյանն այն պաշտոնյաներից էր, որ հեղափոխությունից հետո դառնալով Ազգային ժողովի նախագահ, փորձել էր ապառիկով հեռուստացույց գնել, բայց չէր ստացվել։

Այժմ նա փաստորեն իրեն կարողանում է թույլ տալ 280 հազար դոլար արժողությամբ առանձնատուն գնել վարկավորմամբ։ Ինչպես է նա պատրաստվում մարել այս վարկը, երբ ամենապարզ հաշվարկներն էլ անգամ ցույց են տալիս, որ նա ամեն ամիս պետք է մեկ մլն դրամից ավելի գումար ուղղի վարկի մարմանը, իսկ որպես նախարար Արարատ Միրզոյանը հենց 1 մլն դրամից ավելի գումար է ստանում, սակայն նրա կինը գործազուրկ է։ Այսինքն, ամբողջ աշխատավարձը Արարատ Միրզոյանը պետք է ուղղի վարկի մարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում: