Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Արայիկ Հարությունյանը ձախողեց «Եվրատեսիլ»-ի տոմսեր ձեռք բերելու գործընթացը. քաղաքացիների ահազանգն ու տապալված ծրագիրը

Դեկտեմների 10-ին եւ 11-ին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի տոմսերն այս տարի վաճառվել են կայծակնային արագությամբ, արժեքն էլ 3 հազարից 20 հազար եւ 5 հազարից 30 հազար դրամ են արժեցել: Այս հանգամանքը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ եղել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք չեն կարողացել տոմսեր գնել:

Այնպիսի տպավորություն է, որ Եվրատեսիլի կազմակերպիչները Հանրային հեռուստաընկերությունից սկսած մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, հատուկ կազմակերպված են գործել, որպեսզի տոմսերը ստվերային ձեւով վաճառեն կամ լավության կարգով նվիրեն իրենց ցանկալի մարդկանց:

ArmLur.am-ի խմբագրություն եւս քաղաքացիներ են ահազանգել՝ հայտնելով, թե մի քանի անգամ tomsarkgh.am կայքով փորձել եւ չեն կարողացել գնել անգամ մեկ տոմս, քանի որ եղել են տեխնիակական խափանումներ: «Հենց կայքը բացվեց, ես փորձեցի գնել, չկարողացա… Հետո կայքը խափանվեց ու վերջում գրեց՝ սպառված են տոմսերը»,- պատմեց մեր զրուցակից քաղաքացին:

Ինչպես արդեն նշեցինք, Հանրային Հեռուստաընկերությունը Մանկական եվրատեսիլ երգի միջացգային մրցույթի տոմսերի վաճառքն իրականացրել է tomsarkgh.am կայքի միջոցով եւ փաստացի տապալել այն: Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է տոմսերի վաճառքը բացառապես իրացրել միայն մեկ ընկերություն: Ինչո՞ւ Կառավարությունը այնպես չի հաշվարկել, որ ողջ ծանրաբեռնվածությունը չընկնի միայն մեկ ընկերության վրա, որի արդյունքում էլ ունեցանք դժգոհ քաղաքացիների հոծ բազմություն ու տոմսերի վաճառքի տապալում:

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչու չեն կարողացել տոմսերի վաճառքը պատշաճ իրականացնել, որպեսզի տոմսեր գնել ցանկացող քաղաքացիները նման խնդրի առջեւ չկանգնեին: Կայքի աշխատակիցը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Տոմսերը հիմա սպառվել են: Երկրորդ փուլի վաճառքը եղել է կիրակի երեկոյան եւ այդ օրն էլ սպառվել է: Կայքը խափանվել է, քանի որ շատ մեծ է եղել հոսքը, բայց մարդիկ կան, որոնց մոտ ստացվել է գնել տոմսը: Միաժամանակ այդքան մարդ, որ այդ կայքում լինի, այն կխափանվի», – նկատեց նա:

Աշխատակիցը նշեց, թե հաշվի առել էին այդ հանգամանքը, բայց խափանումից խուսափել չի հաջողվել: Ամեն դեպքում աշխատակիցը չտրամադրեց նաեւ տեղեկատվություն, թե մինչեւ օրս երկու օրերի համար որքան տոմս է վաճառվել: Այս տեղեկությունը պաշտպանվում է ռազմական գաղտնիքի նման:

Բայց որքան էլ այժմ փորձում են արդարացումներ գտնել եւ մեղքը բարդում են տեխնիակական խնդիրների վրա, այնոամենայնիվ, փաստ է, որ Հանրային հեռուստաընկերությունը եւ tomsarkgh.am-ը համատեղ չեն կարողացել պատշաճ եւ անխափան կազմակերպել տոմսերի վաճառքի գործընթացը, որպեսզի ոչ ոք փաստի առջեւ չկանգներ եւ մրցույթին որպես հանդիսատես մասնակցել ցանկացողներն իսկապես կարողանային գնել այն եւ ներկա գտնվել:

Հավելենք, որ հենց տոմսեր գնելու էջում օգտատերերը բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են թողել եւ նշել, թե տոմսեր գնել չեն կարողացել: Անգամ տեղեկություններ են շրջանառվում, թե կան մարդիկ, որոնք մեծ թվով տոմսեր են գնել զարտուղի ճանապարհով, որպեսզի դրանք հետագայում կրկնակի գնով վաճառեն ուրիշներին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան