Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուրախ լուր իմացա այսօր, Արցախի խանութներում նարինջ է հայտնվել. Հովիկ Աղազարյան

Այսօր ես ուրախալի լուր իմացա, որ Արցախի խանութներում նարինջ ու մանդարին է հայտնվել: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը.

«Ալիևն ասում էր, թե Արցախի հարցը լուծված է, իսկ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ լուծված չէ հարցը: Մենք բոլորս միասին, Արցախի մեր հայրենակիցների հետ, պետք է դիմանանք այս փորձություններին: 90-ականներին մենք ընդամենը 2 ժամ ենք հոսանք ունեցել, դա, իհարկե դժվար է, երեխաներ կան, բայց անկախության ճանապարհը հեշտ չի լինում »,-ասաց պատգամավորը:

Մեզ հետ զրույցում Աղազարյանը նշեց, որ իշխանությունների քայլերը Լաչինի միջանցքը բացման ուղղությամբ ավելի քան բավարար է համարում.

«Ինչ արվում է՝ ճիշտ է և օգտակար, մյուս կողմից էլ՝ բանակցություններից այն կողմ՝ Ադրբեջանին պատերազմ հայտարարելն է, որը մեր օրակարգից չի բխում »,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելուն՝ Հովիկ Աղազարյանը նշում է՝անվտանգային հարցերը պետք չէ խառնել քաղաքական հարցրին, դրանք տարբեր են.

«Եթե պետական համակարգում յուրաքանչյուր ինստիտուտ չանի օրենքով իրեն վերապահված աշխատանքները և տուրք տա արտաքին կարծիքներին, ապա մենք հնարավորություն կտանք թշնամուն մանիպուլացիաներ անել ու ազդել մեր պետական համակարգի վրա, հետևաբար, չպետք է խնդիրները խառնենք իրար հետ, Արցախի հարցն ուրիշ հարց է, պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելը՝ ուրիշ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում