Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ ռեկտորը ոսկե մեդալ է հանձնել

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին է հանձնել ԵՊՀ ոսկե մեդալ:

Ինչպես հայտնում են ԵՊՀ-ից, նախքան համալսարանականների հետ հանդիպումը մաեստրոն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի անկյունում: Այնուհետև մեծանուն կոմպոզիտորին մեծաթիվ ԵՊՀ-ականներ դիմավորել են մշակույթի կենտրոնում:

Հանդիպման ընթացքում կոմպոզիտորին և նրա գործը ներկայացրել են նրա հետ երկար տարիներ ստեղծագործական ուղի անցած ընկերները՝ ԵՊՀ երկարամյա պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, բ․գ․դ․ Հենրիկ Էդոյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը։

Այնուհետև համալսարանականները դիտել են կոմպոզիտորի մասին պատմող կարճ տեսաֆիլմ: Նրանք նաև իրենց հետաքրքրող հարցերն են հղել Տիգրան Մանսուրյանին: