Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տիրան Լոքմագոզյան. Եղե՞լ է դեպք, երբ այս կառավարությունը պահանջատիրության մասին խոսի. Ցեղասպանության ճանաչման գործընթացը վտանգված է. «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանի կարծիքով, այսօր, առավել քան երբևէ, Ցեղասպանության ճանաչման գործընթացը վտանգված է:
«Ընդհանրապես, 30 տարվա ընթացքում ՀՀ բոլոր կառավարություններն իրենց մի տեսակ հեռու պահեցին Ցեղասպանության ճանաչման գործընթացից ու այդ ամենը հիմնականում դրեցին Սփյուռքի ուսերի վրա: Ճիշտ է, երբ մենք պետականություն չունեինք, Սփյուռքն այդ ուղղությամբ աշխատանքներ էր իրականացնում, բայց պետություն ունենալուց հետո արդեն այլ աշխատանք պետք է լիներ, քանի որ, ի տարբերություն անհատների, կազմակերպությունների, պետության կշիռն այլ էր: Իսկ արդեն 2018-ից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացն առհասարակ բարձիթողի վիճակում հայտնվեց: Այսօրվա կառավարությունն ընդհանրապես չի էլ ուզում, որ որևէ գործընթաց լինի այդ առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նրա խոսքով, այս իշխանության վարած քաղաքականությունը հեռահար նպատակներ ուներ նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: «Այս 4 տարվա ընթացքում Սփյուռքի հետ հարաբերությունները վատացան, նախարարությունը վերացվեց, ու փոխարենը «գործակատար» նշանակեցին: Սփյուռքի հետ կապերը գրեթե խզվեցին, մինչդեռ երբ նախարարությունը գոյություն ուներ, յուրաքանչյուրը գիտեր գերատեսչության տեղը, և բազմաթիվ այցեր էին իրականացվում: Այսօր անգամ չգիտենք, թե որտեղ է նստած այդ մարդը, որը Սփյուռքի հետ կապված հարցեր պետք է լուծի: Ամբողջ նախարարությունը փակելով ու գործառույթները մեկ մարդու վրա դնելով՝ արժեզրկեցին նաև այդ ուղղությունը: Սա աբսուրդ էր, ինչն ազդեց նաև Սփյուռքի աշխատանքների վրա, որը մինչ այդ, այնուամենայնիվ, աշխատում ու համագործակցում էր ՀՀ-ի հետ: Այս կառավարության անդամները եկել են ոչ թե Հայաստանն առաջ տանելու, ինչի մասին հայտարարում էին, այլ հակառակը՝ երկիրը քանդելու համար, և իրենց գործն այդ առումով շատ լավ են կատարում: Այս ամենի մեջ է նաև Ցեղասպանության ճանաչման խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ Հայոց ցեղասպանության հարցի մասին այլևս չի խոսվում, այլ խնդիր էլ կա. «Արևմտյան Հայաստանի հողերի նկատմամբ մեր իրավունքը թուրքերին վաճառելու խնդիր ևս կա, որովհետև թուրքերի հետ բարեկամություն անելու մասին են խոսում: Այսօր ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի, այլև հայ-թուրքական սահմանը ճշտելու խնդիր կա: Եվ եթե այդ սահմանը ճշտվի, վերջ, կստացվի, որ այսօրվա սահմաններն ենք ճանաչում ու խաչ ենք քաշում նաև հայկական պահանջատիրության, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Այդ վտանգն արդեն այսօր մեծ է: 4 տարվա ընթացքում եղե՞լ է դեպք, երբ այս կառավարությունը պահանջատիրության մասին խոսի: Իհարկե՝ ոչ»: Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին չխոսելը ևս թուրքագետը ցուցիչ է համարում:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։