Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տնտեսական առաջնայնությունը չպետք է ստորադասվի քաղաքականին. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեղրիով անցնող եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերաբերյալ փորձագիտական բազմաթիվ վերլուծություններ եւ մեկնաբանություններ են արվում: Թեման ակտիվորեն քննարկվում է նաեւ եվրոպական փորձագիտական շրջանակներում: Ճանապարհն աշխարհաքաղաքական համատեքստում դիտարկողները հիմնականում զարգացնում են այն թեզը, թե հաղորդակցության ուղին անհրաժեշտ է արեւմտյան երկրներին, որպեսզի արեւելքից արեւմուտք էներգակիրների տեղափոխումը եւ, ընդհանրապես, տնտեսական կապերը շրջանցեն արդեն 20 տարուց ավելի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տարածքը:

Տեսակետներ են հնչում, թե այս տրանսպորտային ուղու հարցում լոբբինգ են անում խոշոր նավթագազային ընկերակցությունները՝ էներգակիրների տարանցումից Թեհրանին զերծ պահելու համար: Մեր հարեւան թյուրքական երկրների փորձագետները եւ դրանց բարձրաստիճան ղեկավարներն էլ հայտարարում են, թե այդ ճանապարհի բացումը կակտիվացնի Արեւելք-Արեւմուտք ապրանքաշրջանառությունն ու տնտեսական կապերը եւ ձեռնտու կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ եվրասիական աշխարհամասի երկու կողմերում գտնվող պետությունների համար:

Սակայն այս տեսությունն առաջ մղողները չեն խոսում կամ չեն ուզում բարձրաձայնել այն փաստի մասին, որ Արեւելքը եւ Արեւմուտքը կապող էներգակիրների, ավտոմոբիլային եւ երկաթուղային կապերն արդեն վաղուց առկա են, եւ դրանք անցնում են Վրաստանով: Վերջիններով մեծ ծավալներով եւ հաճախականությամբ բեռներ ու էներգակիրներ են տեղափոխվում Ասիայից Եվրոպա: Այս դեպքում, եթե անգամ դիտարկվի փաստարկը, որ Թուրքմենիայից նախատեսվող գազը կարող է կարճ ճանապարհով՝ Մեղրիով ուղղվել Եվրոպա, ապա միեւնույն է՝ այն չի կարող շրջանցել Իրանը եւ վերջինիս զրկել էներգակիրների տրանզիտ ապահովող երկրի կարգավիճակից: Բանն այն է, որ այդ սցենարի դեպքում էլ, ուզեն, թե չուզեն, թուրքմենական գազի ցամաքային ուղին անցնելու է Իրանով, իսկ եթե նախընտրեն այն ծովը շրջանցող խողովակաշարով հասցնել Ադրբեջան, ապա ամենառացիոնալ եւ քիչ ծախսատար ուղին կրկին մնում է Բաքվից Վրաստանով անցնող գազատարը, իսկ բիզնեսը փողի հաշվում միշտ էլ շահախնդիր է լինում: Այստեղ ավելորդ ենք համարում անդրադառնալն այն փաստին, որ Թուրքմենստանն իր ամբողջ գազային կարողությունները տրամադրել է Չինաստանին եւ այսօրվա հզորություններով Եվրոպա գազ արտահանելու ծավալներ չունի: Ինչ վերաբերում է տրանսպորտային կապերին, ապա պետք է արձանագրել, որ Ադրբեջանը Վրաստանով ունի ցամաքային կապ Թուրքիայի հետ, եւ Հայաստանում առկա առնվազն երեք հաղորդակցման ուղիների վերաբացումից հետո այն դուրս կգա տարածաշրջանային հիմնահարցերի ցանկից:

Վերոշարադրյալը ցրում է շրջանառվող այն միֆը, թե Մեղրիով հնարավորինս անկախ ճանապարհը, որը թյուրքական պետությունները որակում են «միջանցք» եզրույթով, էներգակիրների՝ Իրանը շրջանցելու նպատակ է հետապնդում եւ ընդամենն ապահովելու է Եվրասիա աշխարհամասի Արեւելք-Արեւմուտք կապը: Նման վարկածը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: