Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տոկիոն, Լոնդոնը և Հռոմը նախատեսում են նոր կործանիչ մշակել. Reuters

Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կհայտարարեն նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման համաձայնագրի կնքման մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Տոկիոյի և Լոնդոնի համար գործարքը ենթադրում է ավելի սերտ կապեր պաշտպանական ոլորտում: Բացի այդ, ասիական տարածաշրջանում Բրիտանիայի դերը մեծանում է, իսկ Ճապոնիան, որը նախկինում պաշտպանական խոշոր նախագծերի շուրջ համագործակցում էր հիմնականում ԱՄՆ-ի հետ, ձեռք է բերում անվտանգության ոլորտում նոր գործընկերներ, ընդգծում Է Reuters-ը: Ակնկալվում է, որ նախագծում առաջատար դերը կհատկացվի Ճապոնիայի Mitsubishi Heavy Industries և Մեծ Բրիտանիայի BAE Systems ընկերություններին: Ընդ որում, 2023 թվականին կողմերը կշարունակեն հղկել նախագծի մանրամասները:

Զուգահեռաբար, Ճապոնիայի իշխող կուսակցությունը դիտարկում է իր ռազմական արտահանումների հետ կապված կանոնները մեղմացնելու առաջարկները, որպեսզի համատեղ արտադրության կործանիչը հնարավոր լինի արտահանել: Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ հունվարին Տոկիոն և Լոնդոնն արդեն սկսել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի համար նոր սերնդի F-X մարտական ինքաթիռի շաժիչի համատեղ մշակումը, որը պետք է 2030-ական թվականներին փոխարինի այժմ սպառազինության մեջ գտնվող F-2 բազմանպատակ կործանիչներին:

Բրիտանական կողմից նախագծին մասնակցում է Rolls-Royce ընկերությունը, ճապոնական կողմից՝ Ishikawajima Heavy Industries ավիաշինական կորպորացիան: Կործանիչի մշակման ամբողջ նախագծի ծախսերը, նախնական հաշվարկներով, կկազմեն 1,5 տրիլիոն իեն (շուրջ 11 միլիարդ դոլար): Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ F-X-ի փորձնական նմուշի ստեղծումը կսկսվի 2024 թվականին, թռիչքային փորձարկումները պլանավորված են 2028 թվականին, իսկ սերիական արտադրությունը՝ 2031 թվականին: