Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողներն արդեն իսկ հնարավորություն ունեն վերականգնողական ծառայություններ ստանալ էկզոսկելետոն աջակցող սարքի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2020թ․ պատերազմի ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողներն արդեն իսկ հնարավորություն ունեն վերականգնողական ծառայություններ ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձեռք բերված «էկզոսկելետոն» աջակցող սարքի միջոցով․ դրա գործնական հնարավորություններին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Նախարարը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ հետևել է «էկզոսկելետոնի» գործնական կիրառմանը, որի շրջանակում 2020 թվականի պատերազմի մասնակից զինծառայողի մասնակցությամբ ցուցադրվել է սարքի տեխնիկական հնարավորությունները։ Կենտրոնի մասնագիտական թիմի հետ քննարկվել է սարքի օգտագործման մատչելիությանն ու ֆունկցիոնալությանն առնչվող մի շարք մանրամասներ։

Նախարարը հույս է հայտնել, որ «էկզոսկելետոնը», լինելով ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովող նորագույն աջակցող միջոց, կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը, հնարավորություն կտա կանգնել, քայլել։

Այցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը եղել է նաև «Զինվորի տանը» վերջերս բացված վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առկա հնարավորություններին։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում սարքը տրամադրվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին՝ հաշվի առնելով համապատասխան գիտելիքն ու փորձառությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։ Կենտրոնի մասնագիտական թիմին «էկզոսկելետոնի» տեխնիկական հնարավորություններին ծանոթացրել են իտալացի մասնագետները․ իրականացված աշխատանքների շրջանակում՝ կազմակերպվել են վերապատրաստումներ՝ սարքի բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործելու նպատակով։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ