Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վանաձորում հետընտրական գործընթացները ոտնահարում են քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը. հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը՝ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է.

Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը: Իշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական գործողություններով անմիջական ազդեցություն և միջամտություններ են տեղի ունեցել մի շարք համայնքներում անցկացված ընտրություններում և դրանից հետո: Այդպիսի ազդեցություններն ու միջամտությունները ցայտուն կերպով դրսևորվում են Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների հետընտրական գործընթացներում (թիվ 23 ընտրատարածք):

Վանաձոր համայնքի օրինակով հետընտրական գործընթացների վերլուծությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային թույլ է տալիս փաստել հետևյալը.

Փաստական հանգամանք 1.

Մամիկոն Ասլանյանը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ը: Արդեն, որպես նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2021 թվականի օգոստոս, սեպտեմբեր ամիսներին հայտարարել է, որ մասնակցելու է 2021թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին, իսկ սեպտեմբերի 24-ին պաշտոնապես հայտարարել էր, որ մասնակցելու է «ԱՍԼԱՆՅԱՆ» դաշինքով:

Ռեակցիա 1.

2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նրա կողմից ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Փաստական հանգամանք 2.

2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

1) «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ, 2) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ, 3) Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ, 4) «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ, 5) «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:

Ռեակցիա 2.

Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:

Փաստական հանգամանք 3.

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը Մամիկոն Ասլանյանն է, ով հանդիսանում է նաև «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու:

Ռեակցիա 3.

Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություներին մասնակցած, սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և մանդատների բաշխմանը չմասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների 1314 կողմ ձայներ, ընտրողների ձայների 3,97 տոկոսը) հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու հայցով, որի պատճառով չեն կայացել և հետաձգվել են համայնքի ղեկավարի ընտրությունները: ՀՀ վարչական դատարանիթ. վճռով հայցը մերժվել է:

«Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների քաղաքական պայմանավորվածությունների տանդեմը նորություն չէ, այն գործել է նաև դեռևս Ազգային ժողովում 2019 թվականի նոյեմբերի 18-ին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության  ժամանակ, երբ ԿԿՀ անդամներն առաջադրվել և ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, դրանով իսկ հանձնաժողովին հաղորդելով խիստ քաղաքական երանգ` չեղարկելով և տապալելով ԿԿՀ անդամների ընտրության մրցութային կարգը։ Այդ մասին Իրավաբան.նեթ առցանց մեդիան անդրադարձել է իր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինչու՞ կամ ու՞մ համար պետք չէր մրցութային խորհուրդը» և «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը» հետաքննություններում:

Փաստական հանգամանք 4.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 1. Ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`

1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, … վերաբերյալ գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով.

Նույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Վարչական դատարանի վերոհիշյալ վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն է՝ 21.12.2021թ։

Ռեակցիա 4.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ՀՀ վարչական դատարան 23.12.2021թ., այն է՝ ավագանում նիստին նախորդող օրը, ներկայացվել է հայցադիմում ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ավագանուն Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց ձեռնպահ մնալու, և/կամ ոչ իրավաչափ ճանաչել Վանաձոր համայնքի աշխատակազմի Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը, պահանջների մասին:

Հայցադիմումը դատարանի կողմիցթ. ընդունվել է վարույթ, հայցվորը միջնորդել է նաև կիրառել հայցի ապահովում, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, դատարանիթ. որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, այն է՝ Պատասխանողներին արգելել համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով կայացված վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վերոհիշյալ վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 23.12.2021թ. դատարան ներկայացված հայցի համար որպես հիմք հայցվորը նշել է վերոհիշյալ վճիռը բողոքարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հիմքով՝ քանի որ բողոքարկել է վճիռը, միջնորդել է կիրառել հայցի ապահովում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հետ կապված վարույթի հարցի լուծման վերջնաժամկետ է համարվում 07.01.2022թ.-ը:

Փաստական հանգամանք 5.

ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է ընտրական իրավունքը, որի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ 3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, … իրավունք ունեն ընտրության … օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: … 4. Ընտրելու և ընտրվելու, … իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը, որի համաձայն. «1. Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը… »:

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ առկա չէ դատարանի որևէ գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով վերջինս դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար դատապարտվել է և կրում է պատիժը, ինչպես նաև չի հանդիսանում այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձ:

Ռեակցիա 5.

Սույն դեպքում Մամիկոն Ասլանյանը ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ հարուցված քրեական գործով գտնվելով նախնական կալանքի տակ, ըստ էության, զրկված է ընտրելու իրավունքից, ինչպես նաև սահմանափակված է նրա ընտրվելու իրավունքը: Նրան հնարավորություն չի տրվում մասնակցելու ավագանու նիստերին և իրացնելու իր ընտրական իրավունքը: Քրեական և վարչադատավարական շղարշային գործընթացները խոչընդոտներ են ստեղծում ավագանու նիստի կայացման և Մամիկոն Ասլանյանի ընտրական իրավունքի իրացման ապահովման համար:

Հաշվի առնելով վերագրյալը և դատապարտելով Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացների վրա իշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական ազդեցություններն ու միջամտությունները` Հայաստանի ՔՀԿների հակակոռուպցիոն կոալիցիան պահանջում է.

  1. Իշխող քաղաքական ուժից` հանձինս գործադիր իշխանության՝ դադարեցնել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄերի ձևավորման վրա ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցություններն ու միջամտությունները:
  2. ՀՀ գլխավոր դատախազությանը` իրականացնել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄերի ձևավորման վրա գործադիր իշխանության, այդ թվում իրավապահ մարմինների կողմից ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցությունների ու միջամտությունների պատշաճ քննություն:
  3. Միջազգային կազմակերպություններին` իրենց ուշադրության կենտրոնում պահել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄերի ձևավորման վրա գործադիր իշխանության, այդ թվում իրավապահ մարմինների կողմից ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցությունների և միջամտությունների հարցը:

Ծանոթություն 1.

  1. Ներկայացված փաստերի վրա հիմնված սույն հայտարարությունը վերաբերում է բացառապես ընտրական գործընթացներին և ընտրական իրավունքների իրացման ապահովման սահմանադրական պահանջների պահպանմանը,
  2. ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է պահպանել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և քրեական գործերի վրա ցանկացած միջամտության բացառման սկզբունքը, ուստի անձի մեղավոր կամ անմեղ լինելը պետք է ապացուցվի ՀՀ օրենսդրության պահանջների խստագույն պահպանմամբ, դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Ծանոթություն 2. Հայաստանի ՔՀԿների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա