Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վանաձորցիները «Վեոլիա ջրից» կա՛մ ջուր են պահանջում, կա՛մ հրաժարական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տեւական ժամանակ է` Վանաձորում ջրամատակարարումը կազմակերպվում է, մեղմ ասած, անկանոն գրաֆիկով: Լինում է ժամանակ, երբ Վանաձորի տարբեր թաղամասեր օրեր շարունակ զրկված են լինում ջուր ունենալու հնարավորությունից: Այսօր վանաձորցիները հավաքվել էին Բազում թաղամասի հրապարակում` «Վեոլիա ջրից» պահանջելով լուծում տալ խնդրին. «Ճիշտ է, երբեմն ջուրը կտրել են, երբեմն տվել են, բայց գոնե նախապես զգուշացրել են, հիմա մի զգուշացում չկա: Երբ որ զանգում ենք, չեն ուզում պատասխանել, կամ էլ այնպիսի բան են ասում, որ աբսուրդ է: Մենք «Վեոլիա ջրի» հետ կնքած պայմանագիր ունենք, որի կանոնները խախտել են իրենք: Ուրեմն մենք պահանջում ենք ուրիշ ընկերություն: Թող աշխատի այն ընկերությունը, որը մեզ ջուր կտա»,- ասում է բնակչուհի Խանիսա Սահակյանը:

Խնդիրն առկա է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Խախտվել է ջրամատակարարման գրաֆիկը: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, թե կա՛մ ջուր չեն ստանում, կա՛մ ստանում են միայն գիշերային ժամերին: Նրանց խոսքով՝ վերջին անգամ ջուր ստացել են 6 օր առաջ. «Էդ ինչո՞ւ գիշերը ջուր կա, ցերեկը՝ չկա: Կամ, եթե տալիս էլ են այնքան կեղտեր կան մեջը: Ամեն ինչ շարքից դուրս է գալիս, կաթսաները փչանում են, մինչեւ ե՞րբ դիմանանք: Սեպտեմբերից դիմանում ենք, հոգնել ենք արդեն: Մեր ջրերը սարերից են գալիս, բավական չի սարից եկած ջուրը մեզ վրա վաճառում են, հիմա էլ չեն տալիս»,- ասում են բնակիչները:

Ջրամատակարարումը դադարեցված է ոչ միայն բնակարաններում, այլ նաև ուսումնական հաստատություններում եւ այլ առաջնային հիմնարկներում. «Երեք երեխա ունեմ, որոնք դպրոց ու մանկապարտեզ են հաճախում: Մեր փոքր երեխաներին ինչպե՛ս բացատրես, որ չես կարող օգտվել զուգարանից: Չես կարող մանկապարտեզ կամ դպրոց գնալ, քանի որ կեղտոտ ես: Մանկապարտեզներում ու դպրոցներում էլ չկա ջուր: Մանկապարտեզները պետք է սկսեն կես օրով աշխատել արդեն», ասում է Մարգարիտա Ադամյանը:

Ի տարբերություն Բազում թաղամասի, քաղաքի որոշ այլ հատվածներում թեև ջուր ստանում են, սակայն այն չի հասնում բարձր հարկեր: Վանաձորցիները խնդիրը բարձրաձայնում են նաեւ սոցիալական հարթակներում: Նրանք նշում են, որ եթե խնդիրն այսպես շարունակվի, պատրաստվում են չվճարել վարձերը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ