Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարչապետն ու Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ էին ուղարկել, եկել էր միայն փոխվարչապետը․ Գյումրին՝ աղետից 34 տարի անց (Ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երկրաշարժի 34-րդ տարելիցը Գյումրիում հիշատակվեց անմեղ զոհերի հոգու հանգստության համար «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում պատարագի մատուցմամբ, Ֆրիդ Սողոյանի քանդակած հուշակոթողի մոտ հոգևոր կարգի մատուցմամբ։ Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգելու էին եկել Շիրակի մարզային ու քաղաքային իշխանությունների, այլ պետական կառույցների, բուհերի ներկայացուցիչներ, ռուսական ռազմաբազայի, հյուպատոսարանի աշխատակիցներ, Շիրակի նոր դատախազ Արմեն Չիչոյանը՝ իր գործընկերների հետ։ Իսկ կառավարությունից ներկա էր միայն ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Վարչապետի անունից ծաղկեպսակ էր դրված։

Քաղաքացիների հոսքը հուշակոթող չէր դադարում, խումբ-խումբ գալիս էին նաև դպրոցների աշակերտներ, որոնց 1988 թվականի աղետը տեսել են ֆիլմերում, լսել ծնողներից, սակայն ականատեսն են այդ աղետի հետևանքների, նրանցից ոմանք ծնվել ու մեծանում են տնակային թաղամասերում։

Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, առ Աստված աղոթք բարձրացնելուց հետո, հուզիչ խոսք հնչեցրեց։

«Մենք աղոթեցինք, որ Աստված հոգիները լուսավորի 3 տարի առաջվա ահեղ երկրաշարժի բոլոր-բոլոր զոհերի։ Լուսավորի հոգիներն այն մանուկների, որ չհասունացան, չմեծացան, այսօր մեզ սերունդ չպարգևեցին։ Հոգիներն այն երիտասարդների, որոնք չհասցրեցին ընտանիք կազմել՝ թագ ու պակի արժանանալ։ Հոգիներն այն հայրերի ու մայրերի, որոնք իրենց զավակներին որբ թողեցին ակամա՝ հակառակ իրենց ցանկության և հոգիներն այն տարեցների, որոնք անակնկալ կերպով մահվանը հանդիպեցին, չհասցրեցին մահվանը նախապատրաստվել։

Այս բյուրավոր, հազարավոր զոհերի հիշատակը պետք է միշտ ապրի մեր մեջ, մեր քաղաքում, մեր տարածաշրջանում և կոչի մեզ նորանոր գործերի իրենց չարածը անելու, իրենց կիսատ թողածը լրացնելու, իրենց փոխարեն ապրելու և իրենց փոխարեն նաև բազմանալու, ուժեղանալու, հզորանալու։ Ամեն»։

Ի դեպ, Ֆրիդ Սողոյանի՝ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս տեղադրված էր ծաղկեպսակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից (տես լուսանկարում)։ Ծաղկեպսակ կար նաև Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ