Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վարդան Ոսկանյան. Ոչ Ադրբեջանը, ոչ էլ ադրբեջանա-թուրքական դաշինքը չեն համարձակվի անցնել Արաքսը

Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունների, դրանք ուղեկցող հայտարարությունների, ուղերձների, պաշտոնական Թեհրանի արձագանքի ու հնարավոր գործողությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Հարց-Պարոն Ոսկանյան, Ադրբեջանում չեն թաքցնում, որ Թուրքիա-Ադրբեջան  համատեղ զորավարժությունների գլխավոր մեսիջներն ուղղված են Թեհրանին։ Իշխանական լրատվամիջոցները վերնագրերում հայտարարում են, որ հարկ եղած դեպքում զորամիավորումները կանցնեն Արաքս գետը։ Որքանո՞վ են իրատեսական այդ սպառնալիքները։


Պատասխան-Ակնհայտ է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ ադրբեջանա-թուրքական համատեղ թշնամական դաշինքը  չեն համարձակվի անցնել Արաքսը։  Դա կնշանակի ներխուժում Իրանի տարածք, դրանից կբխեն հետևանքներ, դիցուք  հրթիռային հարվածներ Ապշերոնյան թերակղզուն։ Նման համարձակություն Ադրբեջանն ու Թուրքիան չեն դրսևորի, Թեհրանի վրա քարոզչական ճնշումն ավելացնելու համար  կարող են  ԶԼՄ-ների  տիրությում նման պնդումներ, «հավաստիացումներ» լինել։

Հարց- Ինչպե՞ս է արձագանքում Իրանն այս զորավարժություններին ու  հայտարարություններին։


Պատասխան-Պետք է ի նկատի ունենալ, որ Իրանում՝ թե հասարակական տրամադրություններում, թե իշխանական համակարգի տարբեր օղակներում այլևս որևէ պատրանք չկա առ այն, որ Ադրբեջանի հետ հնարավոր է նորմալ, բարեկամական հարաբերություններ։ Դիվանագիտական տիրույթում հռետորաբանության որոշակի կոշտացում կարելի է սպասել, իսկ գործնական տիրույթում իրանցիներն աշխատելու են մի ուղղությամբ. հնարավորինս թուլացնել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը՝ օգտագործելով բոլոր այն լծակները, որոնք Իրանն ունի այս «պետության ներսում». խոսքը վերաբերում է թե շիաադավան խմբերին, թե իրանական տեղաբնիկ ժողովուրդներին, թե Նախիջևանի  Ինքնավար Հանրապետությանը։ Հետևաբար այս ամենին Իրանի արձագանքը լինելու է ոչ թե հախուռն, մեկանգամյա քայլ, այլ երկարաժամկետ ծրագիր, որը միտված է լինելու Ադրբեջան  կոչվող արհեստածին կազմավորումից բխող բոլոր սպառնալիքները չեզոքացնելուն,  այս տիրույթում նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանն  անխտիր բոլոր ոլորտներում՝ սկսած ռազմական ոլորտից մինչև քարոզչական հարթություն։

Շատ լավ հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հայաստանն ու Իրանը, ըստ էության, ստեղծեն տարբեր հարթակներ, քանի որ առկա մարտահրավերներն ու ռիսկերը ընդհանուր են թե հայկական, թե իրանական, թե ռուսական կողմի համար։ Օրինակ, կարելի է ձևավորել Հայաստան-Իրան հակաահաբեկչական գործողությունների որևէ շրջանակ, որը կունենա զարգանալու ու ընդհուպ ռազմական գործակցության հասնելու  հեռանկար։ Կարծում եմ՝ իրանական կողմն այս տիրույթում չափազանց շահագրգիռ է։ Ակնհայտ է, որ իրանցիները կուզենան Հայաստանի հետ ունենալ խորը համագործակցություն նաև լայն իմաստով ռազմաքաղաքական տիրույթում, ուստի պետք է օգտագործել ստեղծված հնարավորությունները՝ չեզոքացնելու առկա ռիսկերը։ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման վարչախումբը չի հանգստանալու, մինչև ըստ էության, Հայաստանի դիմադրողական կարողությունը չհասցնի զրոյականի, փորձելու է Հայաստանը մշտապես պահել վասալական կախման մեջ։ Կարծում եմ՝ մեր տեսլականը՝ որպես ազգ և պետություն դա չէ, հետևաբար մենք  պետք է օգտագործենք նաև Իրանի հետ հարաբերությունների տիրույթը։

Փառք Աստծո, մենք ունենք դաշնակիցներ թե մեր տարածաշրջանում՝ օրինակ, Իրանը, Ռուսաստանը, թե տարածաշրջանից դուրս, դիցուք՝ Հունաստանը։ Այսինքն, գործունեության լայն դաշտ կա, որը, անշուշտ, պահանջում է  դժվարին, տքնաջան աշխատանք, բայց դա կարժենա այն արդյունքը, որը մենք կարող ենք ստանալ։

Հարց-Հայաստանում կա՞ Իրանի հետ հարաբերությունների խորացման գիտակցումը։


Պատասխան-Գիտեք, մասնագիտության բերումով ես հետևում եմ իրանական տիրույթում ընթացող զարգացումներին։ Ակնհայտ է, որ այժմ Իրանում կա մտայնություն Հայաստանի հետ խորացնել ռազմավարական բնույթի գործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում նաև ռազմական  ոլորտում։ Այդ գործակցությունը կարող է լինել նաև լռելյայն դաշինքի տեսքով, այսինքն ոչ բարձրագոչ հայտարարություններով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ՝ հենց հիմա Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով այս տիրույթը չափազանց կարևոր է, պետք է այդ ուղղությամբ լրագույն աշխատանքներ տարվեն, քանի որ դա վերաբերում է  Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, մեր կենսունակությանն ու մեր գոյությանն ընդհանրապես։ Հետևաբար, այդ հարթությունը շատ կարևոր է ու պահանջում է  գործնական քայլեր՝ ընդ որում, հաշվի առնելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների խորությունը, ըստ ամենեայնի լռելյայն դաշինք այստեղ արդեն գոյություն ունի, Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ կձևավորվի եռակողմ համագործակցություն։ 

Լալա Տեր-Ղազարյան