Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վերանորոգվում է Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբը

Վերանորոգվում է  Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ 55 տոկոս՝ համայնք-45 տոկոս՝ պետություն հարաբերակցությամբ ֆինանսավորմամբ: Աշխատանքների իրականացման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։ Դրանք իրագործում է «Շինարար 97» կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու են հենասյունները,  բազրիքները և պատշգամբի տանիքը:

Թեև պատշգամբը համեմատաբար նոր էր՝ ի տարբերություն 19-րդ դարի բուն շինության, սխալ տեխնիկական աշխատանքների  պատճառով վերջին տարիներին դարձել էր վթարային: «Մոտ հինգ տարի ստիպված էինք փակ պահել դեպի պատշգամբ տանող դռները՝ վթարայնության պատճառով: Նշեմ, որ ի սկզբանե ծրագիր ներկայացված էր՝ որպես մասնակի նորոգում ու հարդարում, սակայն, երբ ուսումնասիրվեց, պարզ դարձավ, որ մասնակի նորոգումով հարց չի լուծվի՝ անհրաժեշտ է հիմնանորոգում»,- «Արմենպրես»-ին հայտնեց  պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ պատշգամբը նորոգվում է՝ պահելով հին տեսքը:

Արդեն ավարտված է հիմնային ու հենասյուների տեղադրման աշխատանքը, այս պահին արհեստանոցներում կատարվում է երկրորդ հարկի  սյուների զարդանախշերի աշխատանքները: Պատասխանատուները վստահեցնում են՝ վերանորոգումից հետո այն ոչ միայն  կծառայի որպես գեղեցիկ բաց պատշգամբ, այլև արվեստի միջավայր:

Շինությունը, որտեղ գտնվում է պատկերասրահը, կառուցվել է 1880 թվականին՝ մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի Քեշիշովների ընտանիքի կողմից՝ որպես իրենց բնակարան։ Պատկերասրահի շենքը 19–րդ դարի ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է՝ ներքին բակով և պատշգամբով, որն, ըստ հին լուսանկարների, չի եղել փայտյա: 19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը։ «1984-85 թվականներին, երբ որոշվել է շենքը դարձնել պատկերասրահ, ըստ եղած արխիվային լուսանկարների, ունեցել է երկաթ-բետոնե պատշգամբ, շենքի նորոգումից հետո պատշգամբը փոխարինվել է փայտով, այդ ժամանակ վերանորոգումն ավարտվել է 1986 թվականին, իսկ մեկ տարի անց՝ բացվել որպես պատկերասրահ»,- ասում է Կարեն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ 2004 թվականին պատկերասրահը վերանորոգվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով, սակայն այդ ժամանակ պատշգամբը չի նորոգվել:

Չնայած պատշգամբում տարվող աշխատանքներին, պատկերասրահը գործում է: