Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վերջին շրջանի դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել. Փաշինյան

«Հայաստանի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված, բայց նաև ՊՆ հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք»,-խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ հնարավորություններ տեսնում են նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով:

Նա թվարկեց վերջին 15 օրվա ընթացքում Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղարի հանդիպումները և հեռախոսազրույցները:

«Մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ, վերջին շրջանի դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել»,-հայտարարեց նա և նշեց, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ առաջ շարժվելու համար:

Հիշեցնելով 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փոխադրաձ ճանաչելու կոնցեպտը՝ Փաշինյանն ասաց, որ կան նախանշաններ, որ այս հենքը և մոտեցումները կարող են փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար:

«Ես կարծում եմ, որ կա նաև որոշակի տարածք, որպեսզի մեկնարկի խոսակցություն ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ այդ երկու ուղղությունները համարում է անկյունաքարային նշանակություն ունեցող:

Նա հայտարարեց, որ այս փուլում բավարարված են սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքով:

«Բավարարված ենք այս պահի դրությամբ, բայց մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը որպեսզի միջազգային աշխատանքը լինի հետևողական: Պարզ է, որ ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեկան մոտավոր ճանապարհային քարտեզ է տալիս, թե ինչպես պիտի լուծենք ու հաղթահարենք խնդիրը»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը: