Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը աճել է 2.4 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Ընդ որում, պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին:

Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով: Այն գոյացել է հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին:

Ի տարբերություն ներքին պարտքի, արտաքին պարտքը նվազել է տարվա ընթացքումկատարված մարումների հաշվին: Այն տարեսկզբի համեմատ նվազել է 197.6 մլն դոլարով կամ 3%-ով: Իսկ արտաքին պարտքի մեծ մասն այլ պետություններից ու կազմակերպություններից վերցված վարկերն ու փոխառություններն են: Վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը աճել է 2.4 անգամ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական պարտքը Կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Սակայն, ԿԲ-ի պարտքն, իրականում, փոքր բաժին ունի: Մասնավորապես, 2022 թվականի վերջում Հայաստանի 10 մլրդ 638 մլն դոլար պետական պարտքի 10 մլրդ 86 մլն դոլարը Կառավարության պարտքն է, իսկ մնացած 551 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը:

Նաիրա Հովհաննիսյան