Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Վրան խփելու» ժամանակը․ Հայաստանի դեմ ծրագրի իրագործումը մտնում է վճռորոշ փուլ

Հայաստանի խորհրդարանում Լաչինի արտատարածքային միջանցքի իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի «ընդդիմության» կազմակերպած լսումներին, չհաշված ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ավանդական կաղապարներով ելույթները, հնչեցին հայկական իրավունքներին առնչվող մասնագիտական ելույթներ։ Վարդան Պողոսյանի, Ալվինա Գյուլումյանի, Սուրեն Զոլյանի, Ալեքսանդր Մանասյանի, այլոց ելույթներում հիմնավորվում են Արցախի խնդրի հայանպաստ իրավական հիմքը եւ նշվում հնարավորությունները։

Հայկական իրավունքների հաստ փաթեթը որեւէ տեղ չի կորել, որի վկայությունն այս հիմնավորումներն են։ Միեւնուն ժամանակ, Հայաստանի իրար հաջորդող վարչակարգերը վարել են իրավունքներից հրաժարվելու, ավելին՝ որոշակի հարցերում Բաքվի իրավունքները ճանաչելու քաղաքականություն։ Հակառակ հայկական վարչակարգերի, Բաքուն երեք տասնամյակ ձեւավորում եւ միջազգային ատյաններում քայլ առ քայլ առաջ էր մղում իր իրավունքները, ինչը հնարավոր էր բացառապես հայկական կողմի նման քաղաքականության արդյունքում։

Փաշինյանի քպ-ական վարչակարգն «ինստիտուցիոնալացրել է» իր նախորդների այս քաղաքականությունը՝ Հայաստանի տարածքներն ու իրավունքները հանձնելու շուրջ կոնսենսուս ձեւավորելով իր հենակ «ընդդիմադիր» խմբերի եւ հայ սփյուռքի կառավարելի մասի հետ։ Դրանց կառավարումն իրականացվում է Մոսկվայից եւ Անկարայից։ Այս խմբերի ձեռքով եւ Նիկոլ Փաշինյանի ընդհանուր համակարգմամբ («վրան պետք լիներ՝ կասեի վրան խփեք») իրականացվում է թուրքական եւ ռուսական համատեղ շահերի պաշտպանության ծրագիրը Հարավային Կովկասում՝ ի հաշիվ հայկական շահերի, հողերի եւ կյանքերի, միաժամանակ չեզոքացնելով հայկական իրավունքները եւ միջազգային ատյաններում դրանք քննարկելու հնարավորությունները։

Լսումներին վերոհիշյալ ելույթների ֆոնին այս հանգամանքն առավել քան ընդգծվում է։ Զուգահեռ, տեղի է ունենում ռուսական հոգեզավակ ցապարների պետական միավորի՝ այսպես կոչված «Ադրբեջանի» լեգիտիմացման եւ միջազգային ճանաչման ռուսական ծրագրի իրագործումը։ Մոսկվան հայերի հողերի ու հայկական արյան վրա ստեղծում է «Ադրբեջան» եւ Թուրքիա, փորձում հասնել Բաքվի միջազգային ճանաչմանը, ինչում հիմա գլխավոր դեր է խաղում ՀՀ խամաճիկ իշխանությունը։ Բաքվի իրավունքների ճանաչումը հնարավոր է միայն հայկական կողմի՝ սեփական իրավունքներից հրաժարվելու դեպքում, ինչն էլ հիմա տեղի է ունենում։

Հայաստանի դեմ ռուսական ծրագրերն արագացվում են եւ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացմամբ մտնում վճռորոշ փուլ, ինչի վկայությունը ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարություններն են։ Բանը բանից անցել է․ ՌԴ-ն Հայաստանի դեմ կանգնած է իր դեմքով, բոլոր դիմակները պատռված են։ Պուտին-Ալիեւ-Փաշինյան կրկեսը եւ Կրեմլի կոյուղատարներից հայ հանրության գլխին թափվող քարոզչական աղբը զզվեցրել են անգամ ամենադյուրահավատ հայերին։ Փաշինյանի «հակառուսական քայլերն ու հայտարարությունները», «աշխարհքաղաքական վեկտորի փոփոխության փորձերը», խորհրդարանի լսումները ստեղծված իրավիճակի արձագանքներն են։ Երեւում է՝ եկել է «վրան խփելու» ժամանակը։

Կա պարզ ցուցիչ՝ նույն այդ խորհրդարանն ընդունա՞կ է ու կարո՞ղ է քննարկումներ սկսել հայկական իրավունքների փաթեթը կազմելու, 1920 թ․ Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի, 1989 թ․ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման որոշման եւ ազգային այլ հիմնարար հարցերի շուրջ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար, ինչը կշրջեր իրավիճակը։