Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Յակոբսոնի անվան բալետի թատրոնը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Աշխարհահռչակ «Յակոբսոնի» անվան բալետի թատրոնը մարտի 3-ին և 4-ին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում. կներկայացվի Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը: Այս մասին հայտնում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ 

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը ՌԴ վաստակավոր արտիստ Անդրիան Ֆադեևի ղեկավարությամբ եզակի արտիստական կոլեկտիվ է։ Թատրոնը ունի 50-ամյա պատմություն և պատվով կրում է 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույցի անունը։ Այսօր Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը երկրի ամենաուժեղ բալետային խմբերից է, Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր:

Ներկայացման բեմադրությունը՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և  վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի,  բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ժերոմ Կապլան, լուսային ձևավորումը՝ Վինսենթ Միլլեյի, դիրիժոր՝ Իգոր Տոմաշևսկի, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ:

«էմոցիոնալ երաժշտությունը, գունագեղ զգեստներն ու դեկորները անտարբեր չեն թողնի ոչ ոքի:


Բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ դիտելու աշխահի ամենաճանաչված բալետներից մեկը, ամենահայտնի բալետային թատրոնի մասնակցությամբ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում»,- նշում են օպերայի և բալետի ազգային թատրոնից։