Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Յուրաքանչյուր ոք ցուցմունք տվել է». Պարեկային ծառայության Լոռու մարզային գումարտակի ղեկավարը՝ Վանաձորում տեղի ունեցած միջադեպի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 25-ին Վանաձորում միջադեպ էր տեղի ունեցել պարեկային ծառայության աշխատակիցների ու քաղաքացիների միջեւ: Ինչի արդյունքում 3 քաղաքացիներ, որոնց թվում էր նաեւ 1 անչափահաս երեխա, տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:

Տուժողներից Ռադիկ Ավետիսյանը պատմում էր, որ ինքը չգիտի, թե ի՞նչն է եղել պատճառը, որ պարեկները սկսել են իրենց հետ վիճել ու խփել: Ասում է՝ ինքն արհեստանոցում աշխատելիս է եղել, երբ նկատել է, որ պարեկային ծառայության աշխատակիցները վեճի են բռնվել եղբոր ու տղայի հետ. «Տեսա մի 7-8 էկիպաժ պարեկներից եկան կալոնկա: Երեխան ասթմա ունի, աչքերի հետ խնդիրներ ունի: Իրեն մի քանի անգամ կոմայից ենք հանել: Էն տեսա, որ երեխի վրա գազ են փչել, ու մի 4 հոգով ծեծում են: Դրանից հետո ես չեմ հիշում, թե ինչ եմ արել ու ոնց եմ արել: Ու հետո ինձ էլ են խփել՝ գլուխս ասֆալտով, կողերս էլ է ջարդած, ոտքերս եւ այլն: Մի 30 հոգով մեկ գազ էին փչում, մեկ՝ խփում: Երեխեն էլ ասում էր՝ հիվանդ եմ, ինձ մի խփի, էլի խփում էին»:

Մինչ օրս դեռեւս դեպքի հանգամանքները չեն պարզվել: Գործով ձերբակալված անձիք նույնպես չկան:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձել էր Վանաձորում պարեկների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած  միջադեպին: Նա, մասնավորապես, նշել էր, որ խոսակցությունները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կլինեն. «Հակիրճ ասեմ, որ այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ: Տեսագրությունները, եթե դիտել եք, այնտեղ կտեսնեք, որ քաղաքացիներն են նույնիսկ մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»,- ասել էր Ֆիդանյանը:

Թեմայի շուրջ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, փորձեցինք զրույցել նաեւ պարեկային ծառայության Լոռու մարզային գումարտակի ղեկավար Արմեն Բեժանյանի հետ. «Գործը նախաքննության փուլում է: Յուրաքանչյուր ոք ցուցմունք տվել է: Այս պահին ավելին ասել չեմ կարող», -խոսքը եզրափակեց ոստիկանության մայորը, նշելով, որ այս պահին այլ մարամասներ հայտնել չի կարող:

Իսկ մինչ այդ, փոխոստիկանապետը նշել էր, որ դեպքի օրը քաղաքացիների կողմից վնասվածքներ են ստացել պարեկային ծառայության 2 աշխատակից:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ