Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Զենք նվիրելու արտոնությունը պետք է ունենա միայն երկրի ղեկավարը». Վիլեն Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ այդ նախագծով սահմանվում են քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը: Ըստ հեղինակի, այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը, նախագիծը կարգավորում է ՀՀ-ում զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստում է որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը, ներդրվում է զենքի հետ վարվելու մշակույթը, որն ուղղված կլինի քաղաքացիների մարտունակության բարձրացմանը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ կառավարությունը մի քանի առաջարկություններ է ներկայացրել, դրանց մի մասը չի ընդունվել. «Մեկը վերաբերում է զենք պահելու, կրելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին յուրաքանչուր 5 տարին մեկ անգամ համապատասխան բժշկական հետազոտություն անցնելուն: Մենք նոր մոդել ենք ներկայացրել, որով հնարավորություն է ընձեռվում ժամանակի ընթացքում այդ 5 տարին մեկ ստուգումները հանել, դարձնել ինքնաշխատ եղանակով: Օրինակ, պահպանելով անձանց տվյալների գաղտնիությունը, կարողանանք բուժհիմնարկից նշում ստանալ առ այն, որ տվյալ անձն ունի որոշակի հիվանդություն՝ չսպասելով 5 տարին մեկ անցնող ստուգումներին: Սա նաեւ անցումային դրույթներում ենք ամրագրել՝ խնդրելով որոշակի ժամանակ, որ կարողանանք ծրագրային կողմն ապահովել»:

Կառավարությունը ներկայացրել է եւս մեկ առաջարկ. նախագծով նշված է՝ ՀՀ-ում զենքով պարգեւատրելու իրավունք ունի ՀՀ վարչապետը: Այսօրվա կարգավորումներով պարգեւատրման իրավունք ունեն մի շարք ուժային կառույցների ղեկավարներ նույնպես: Կառավարությունն էլ առաջարկում է ավելացնել, որ ՀՀ վարչապետի զենքով պարգեւատրման համար միջնորդագիր կարող են ներկայացնել նաեւ ՀՀ ՊՆ նախարարը, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ԱԱԾ տնօրենը: Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ այդ արտոնությունը պետք է ունենա միայն երկրի ղեկավարը, ուստի առաջարկը մերժվել է:

Նախագծով նշված է, որ առաջին անգամ զենք ստանալիս ռազմամարզական ՀԿ-ներում պետք է համապատասխան ստուգարք հանձնեն, այնինչ այս պահին իրավական կարգավորումներ չկան: Ֆիդանյանն ասաց. «Տվյալ օրենքի նախագիծը, եթե առաջիկա ԱԺ քառօրյայում ընդունվի, ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո եթե քաղաքացին դիմի ոստիկանությանը՝ զենք ստանալու համար, մենք դեռեւս չունենք կարգավորումներ՝ ռազմամարզական ՀԿ-ների վերաբերյալ»:

Նա առաջարկեց նախագծի ընդունումը 6 ամիս հետաձգել, մինչեւ ռազմամարզական ՀԿ-ների մասին օրենք կլինի: ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «3 ամսում պետություններ են ստեղծվում ու քանդվում, մենք չե՞նք կարողանում մի հատ ընթացակարգ մշակենք 3 ամսվա մեջ»:

Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, որ մտահոգությունը Ֆիդանյանի ընդունում է, տեղին է, բայց սեղմ ժամկետներում ռազմամարզական ՀԿ-ների մասին օրենքն էլ կբերեն, կընդունեն:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ