Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զգուշացնում եմ, եթե կառավարությունը հարկային բեռն ավելացնի՝ կտրուկ դիմադրելու եմ. Գուրգեն Արսենյան

«Պարոն Թունյանը մի արտահայտություն արեց, թե գույքահարկի փոփոխությունը միասին ենք արել: Ոչ, պարո՛ն Թունյան, ես գույքահարկի ընդունման օրենսդրական փոփոխության ժամանակ չեմ եղել խորհրդարանի անդամ»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ելույթ ունենալով եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նա հիշեցրեց, որ այդ փոփոխությունն նախորդ գումարման  խորհրդարնում արել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այլ «Իմ քայլը», որին ինքն անձամբ դեմ է եղել:

«Չէր կարելի կորոնավիրուսային սահմանափակման պայմաններում հարկ ավելացնել, առավել ևս՝ երևի միակ կառավարությունն ենք եղել Երկիր մոլորակում, որն այդ պայմաններում հարկ է ավելացրել: Ես շարունակում եմ մնալ սկզբունքային և համոզված հակառակորդ այդ փոփոխության»,-հայտարարեց Գուրգեն Արսենյանը և համոզմունք հայտնեց, որ գույքահարկը կրկնակի հարկման թաքնված մեխանիզմ է:

Անցնելով քննարկվող նախագծին՝ ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ եկամուտների հայտարարագրումը կարևոր գործիք է, որին կողմ է քվեարկելու, բայց երկու նախազգուշացում ունի:

«Նախազգուշացում համար մեկ՝ որպես քաղաքական թիմի անդամ, ես պատասխանատվություն եմ կրելու դրա հետևանքների համար: Կառավարության ներկայացուցիչն մի քանի անգամ այս ամբիոնից ասաց, որ այդ մոդելի ընդունումը և համակարգի ներդրումը որևէ ձև չի բերելու հարկային բեռի ավելացման: Ուզում եմ ասեմ՝ հանկարծ եթե տեղի ունեցավ որևէ բան, որը հետագայում կառավարության կողմից կգա որպես հարկային բեռի փոփոխություն կամ ավելացում՝ իմ կողմից արժանանալու է կտրուկ դիմադրության»,-հայտարարեց Արսենյանը:

Նկատելով, որ եկամուտների հայտարարգրումը փոխհարաբերւոթյուններ են պետության և քաղաքացու միջև՝ Արսենյանն ասաց, որ հնարավոր է եկամտի հայտարարգրման միջոցով պետությունը իմանա բնակչության կարիքները և քաղաքականություն տանի դրանց ավելացման ուղղությամբ՝ նոր աշխատանքի և  եկամտի ավելացման հաշվին, բայց ոչ այլ անձանցից եկամտի վերաբաշխման միջոցով:

«Աշխարհի բարեկեցիկ երկրներն իրենց համակարգի հիմքում դրել են աշխատանքը, նոր բարիք ստեղծելը, ոչ թե վերաբաշխում անելը: Մենք պետք է գնանք նոր բարիք ստեղծելու ճանապարհով, որովհետև շատ գայթակղիչ է մարդկանց առաջարկելը՝ մեկն ավել ունի՝ մյուսը քիչ, եկեք խառնենք իրար՝ կիսենք, դուք մեզ ընտրեք: Մենք թուլանում ենք դրանով, որևէ մեկին դրանով որևէ բան չենք ապացուցում: Պետք է մեր մրցակցային դերը գտնենք աշխարհում, դրա համար պետք է ունակ լինենք բան անելու, գիտելիք ունենաք, մրցակցային բաներ անենք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նա հայտարարեց, որ պետք է սպասել փոփոխության արդյունքներին, բայց և արձանագրեց, որ վերջին 30 տարիները փաստում են, որ որ բոլոր բարի ցանկություններն ավարտվում են ձախողումներով:

«Ինչը չեմ ցանկանա, որ տեղի ունենա այս պարագայում: Ցանկանում եմ, որ մեր կառավարիչները մտածեն այն մոդելով, որը ես եմ առաջարկում՝ մարդկանց ունեցվածքը և  բարեկեցությունը ավելացնելու ուղիով, ուրիշ ճանապարհ չկա»,-կառավարությանը կոչ արեց ՔՊ-ական պատգամավորը: