Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ժիրայր Սեֆիլյան. «Ժողովուրդը պետք է հասկանա, գիտակցի, թե ինչքան կարեւոր է իր ներկայությունը հրապարակներում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային Ժողովրդավարական Բեւեռի (ԱԺԲ) անդամներն ու համակիրները Հյուսիսային պողոտայում այսօր նստացույց եւ ստորագրահավաք էին կազմակերպել՝ խորհրդի անդամ, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող Վարուժան Ավետիսյանին քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով, ինչպես նաեւ դեկտեմբերի 3-ից հետո արդեն երկրորդ անգամ բեւեռի աջակիցների նկատմամբ ոստիկանական բռնություններ կիրառելու դեմ:

Այդ նույն ընթացքում ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը եւ փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ դեկտեմբերի 3-ին եւ երեկ ոստիկանությունը ԱԺԲ սահմանափակումների եւ խոշտանգումների առումով գտնվել է «իր բարձրության» վրա. «Ուզում եմ  նշել հատկապես անգործության մատնված այն կառույցների համար` դատախազություն, ԱԱԾ, քննչական կոմիտե, ոստիկանություն, որ երեկ շուրջ 100 մարդ բերման է ենթարկվել Երեւանի ոստիկանական գրեթե բոլոր բաժիններ, բազմաթիվ անձանց նկատմամբ կիրառվել են բռնություններ` բերման ենթարկվողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով նաեւ մեքենաների մեջ»:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ես եկել եմ իմ խոսքն ուղղելու, հիմնականում ողջունելու մեր երիտասարդությանը, նրանց նախաձեռնությունը, ողջունելու Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք օժանդակողի դերում են, գալիս, միանում են այս նախաձեռնությանը»: Պարոն Սեֆիլյանը վստահություն հայտնեց, որ պայքարը շարունակվելու է:

Հարց հնչեց, որ կա առաջարկ՝ բողոքի այս գործողություններն իրականացնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջեւ, որպեսզի դեսպաններին հասանելի լինի, թե ինչ երկրում ենք մենք ապրում, քանի որ այդ երկրների կառավարություններն այս իշխանության հետ են աշխատում: «Անշուշտ, ճիշտ եք ասում: Ավելին, ես տեղյակ եմ, որ մոտավորապես 10 օր առաջ երիտասարդները նամակներ են փոխանցել Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներին: Վստահ եմ, որ պետք է շարունակվեն այդ ցուցական արարքները, որպեսզի այդ պետությունները վերջապես վերանայեն իրենց անելիքները: Կարծում եմ, որ մեծ հաշվով իրենց ամեն ինչ պարզ է, բայց շատ բան կախված է մեր ժողովրդի ակտիվությունից: Մենք քաղաքական գործընթացի մեջ ենք, մենք ունենք հերթական հանրահավաք դեկտեմբերի 17-ին: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, գիտակցի, թե ինչքան կարեւոր է իր ներկայությունը, որովհետեւ երբ հավաքվում ենք մի քանի հազար մարդկանցով, մեր ձայնը տեղ չի հասնում: Արեւմուտքը, վստահաբար, հետեւում է այս ամեն ինչին: Եթե ժողովուրդն ուզում է օր առաջ ձերբազատվել այս ապիկար իշխանությունից, պարտավոր է ինքն իրեն ցույց տալ հրապարակներում»,-պատասխանեց Սեֆիլյանը:

Aravot.am-ի դիտարկմանը, որ եթե ժողովուրդն ինքն իրեն ցույց տա, Ամերիկայի կամ Եվրոպայի արձագանքն ինչի՞ է պետք, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Եթե Ուկրաինայի ժողովուրդը գետնի վրա իր մարտունակությունը ցույց չտար, վստահ եղեք, որ այսպիսի աջակցություն աշխարհից չէր ստանա: Մեր խնդիրն ավելի հեշտ է: Մենք ընդամենն ասում ենք, որ հրապարակները պետք է լցնել: Սա պետք է տեսնեն, որովհետեւ Արեւմուտքի համար լեգիտիմությունն անհրաժեշտ է եւ շատ կարեւոր: Ինչքան էլ մենք չենք ընդունում Փաշինյան երեւույթին, նրանք ասում են՝ տեղի է ունեցել ընտրություն, վիճակն այսպիսին է, եւ մենք պարտավոր ենք գործակցել այս իշխանության հետ: Իսկ եթե ժողովուրդը ձեւավորում է այլընտրանք, մենք անպայման կսկսենք գործակցել այդ այլընտրանքի հետ: Ցավոք, այդ այլընտրանքը գետնի վրա մեզ չի հաջողվել ձեւավորել»:

Aravot.am-ի ճշտող հարցեն, թե՝ ըստ Սեֆիլյանի ասածի, ստացվում է որ քանի դեռ ժողովուրդը դուրս չի եկել հրապարակներ, ԱՄՆ-ի ու Արեւմուտքի համար այն, ինչ կատարվում է Հայաստանում, լեգիտի՞մ է, ԱԺԲ խորհրդի անդամը պատասխանեց. «Ես մեր վերջին հանրահավաքում իմ վերաբերմունքն արտահայտել եմ` աելով, որ նրանք` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրոպան, պետք չէ բավարարվեն այսօր մեր անվտանգությունն ապահովելով, դա լինի Արցախում, թե Հայաստանում: Նրանք պետք է իրենց նախաձեռնությամբ ձեռք մեկնեն թեկուզ փոքրաքանակ այն ժողովրդին, որն այժմ հրապարակներ է դուրս եկել: Ես այս առաջարկն անում եմ, որովհետեւ նրանք շատ լավ գիտեն մեր ժողովրդի մեծամասնության կարծիքը` օր առաջ ձերբազատվել այս ապիկարից, օր առաջ ռուսական օկուպացիայից դուրս գալ: Այս պատճառով է, որ մենք արդեն ինչ-որ չափով բարձրաձայնում ենք` ասելով, որ բավարար չեն միայն անվտանգության հարցերով ձեր միջամտումները: Շատ կարեւոր է, որ զբաղվեք նաեւ ներքին հարցերով, եւ սա որեւէ մեկը չպետք է գնահատի որպես պետության ներքին հարցեր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ