Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». ՔՊ-ն Սիսիանում հայտնվել է ծուղակում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ուշագրավ իրավիճակ՝ Սիսիանում: Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։

Առավել շատ ձայն է ստացել ՔՊ-ն՝ 4 հազար 93, «Աշխատանք և արդարություն» դաշինքը՝ 2 հազար 693, «Ապրելու երկիրը»՝ 2 հազար 307 ձայն, Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստանը»՝ 979, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության դաշինքը»՝ 794։

Նկատենք՝ ընդհանուր առմամբ ավագանին ունենալու է 21 մանդատ, իսկ համայնքի ղեկավար ընտրելու համար պետք է 11 ձայն, ըստ այդմ՝ ՔՊ-ն կստանա 8 մանդատ, «Աշխատանք և արդարությունը»՝ 5 մանդատ, Արթուր Ղազինյանի կուսակցությունը՝ 2 մանդատ, եվս 2 մանդատ ունի Արման Բաբաջանյանի ուժը։ Վճռորոշը լինելու է «Ապրելու երկիր» կուսակցության 4 մանդատը, և, ահա, հենց այստեղ է թաքնված ինտրիգը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ոչ ոքի չմիանալ և ավագանու առաջին նիստի ժամանակ, երբ պետք է առաջադրվեն համայնքի ղեկավարի թեկնածուները, նրանք կառաջադրեն հենց իրենց ցուցակը գլխավորող Արա Զաքարյանի թեկնածությունը:

Ստացվում է՝ այս պահի դրությամբ ՔՊ-ն սահմանամերձ Սիսիանում ունի 8 մանդատ, երկրորդ տեղը զբաղեցրած ուժն Արթուր Ղազինյանի կուսակցության հետ միասին՝ 7 մանդատ, այսինքն՝ ընդդիմությունը ներկայացված է յոթ մանդատով: Եթե անգամ Արման Բաբաջանյանի ուժի երկու ավագանիներն իրենց ձայնը տան ՔՊ թեկնածուին, միևնույնն է, այդ ձայները բավարար չեն համայնքի ղեկավար ընտրելու համար: ՔՊ-ն հայտնվել է ծուղակում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում