Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացի մասով մի շարք խախտումներ են ի հայտ եկել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացի մասով մի շարք խախտումներ են ի հայտ եկել: Պարզվում է՝ գյուղացիներին նախապես չեն իրազեկել մատակարարվող պարարտանյութի գնի մասին: Արդյունքում մինչև գյուղացուն մատակարարվելը սելիտրայի գինը մի քանի անգամ փոփոխվեց:

Օրինակ՝ գյուղացիները մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել էին 9000 դրամ, հետո՝ 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել էին ավելացնել ևս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 9000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը պետության կողմից սուբսիդավորվող սելիտրայի բաշխման գործընթացում անհամապատասխանություններ է հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը Պալատին չի ներկայացրել նաև սուբսիդավորման համար սահմանված 1 պարկի դիմաց սուբսիդավորման առավելագույն գնի՝ 9000 դրամի հիմնավորումները։ Չի իրականացվել պարարտանյութերի շուկայական գների ուսումնասիրություն, և այն չի համադրվել մատակարարների կողմից առաջարկված վաճառքի գների հետ։

Արդյունքում մատակարարների կողմից պարարտանյութի մեծածախ առևտրի (առանձին դեպքերում՝ մինչև 8000 տոննա) վաճառքի գինը չի զիջել շուկայում առկա մանրածախ առևտրի գինը՝ 1 պարկը 20.000 դրամ, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ գինը։ Բացի այս, պարզվել է, որ մատակարարների ցանկում ներառվելու համար դիմողներից չի պահանջվել ներկայացնել մատակարարվող պարարտանյութի գնի վերաբերյալ որևէ տեղեկություն։

Մատակարարների հետ սուբսիդավորման պայմանագրեր են կնքվել՝ չիմանալով, թե մատակարարը ինչ գնով է մատակարարելու պարարտանյութը։ Չտիրապետելով մատակարարի կողմից առաջարկվող վաճառքի գնին՝ համայնքի ղեկավարը հայտ է ներկայացրել մատակարարին պարարտանյութերի քանակի, դրա դիմաց վճարումների և մատակարարման ժամկետների վերաբերյալ, և միայն դրանից հետո մատակարարը համայնքի ղեկավարին հայտնել է պարարտանյութի վաճառքի գինը, որից հետո մատակարարվել է այն։

Փաստորեն, գյուղացիները մատակարարի ընտրության հարցում որևէ չափորոշիչ չեն ունեցել, տարօրինակ զուգադիպությամբ ընտրել են նույն մատակարարին։ Օրինակ` Հրազդան համայնքի բոլոր 674 շահառուները ընտրել են նույն ՍՊԸ-ն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում