Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է և իրագործել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով քննարկվում է հավանական այն սցենարը, որ Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ արվում են պարբերաբար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են Փաշինյանի՝ օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ արված այն հայտարարությունից, որ «մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում»:

Հաշվի առնելով զուտ միայն այն հանգամանքը, որ Բերձորով անցնող միջանցքի փոխարեն Ադրբեջանը բոլորովին նոր՝ շատ ավելի նեղլիկ ճանապարհ է հրամցրել, բացի այդ՝ թեև ծածուկ ու անզեն աչքի համար աննկատ, բայց ադրբեջանական կողմը խախտում է 5 կմ երկայնքով բուֆերային գոտի պահպանելու նորմն ու իր զորամիավորումները տեղադրում, ապա ենթադրել կարելի է, որ Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է և իրագործել: Հավանական ու ողբերագական ելքեր ենթադրող այս սցենարը նաև Արցախում չեն բացառում: Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանն առհասարակ չի էլ թաքցնում իր ծավալապաշտական նկատառումները, իսկ վերեջերս սկսել է շատ ավելի շահարկել Հայաստանն Արցախին միացնող միջանցքի հարցը:

«Անընդհատ սուտ լուրեր է տարածում, իբրև թե Լաչինի միջանցքով զենք զինամթերք է գալիս, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Հետևաբար, ի դեմս Ադրբեջանի, մենք հարևան ունենք, որն իսկապես ատելությամբ է լցված հայ ժողովրդի, Ացախի ու Հայաստանի նկատմամբ: Նա, իհարկե, տարբեր բաներ կարող է ձեռնարկել, բայց մենք էլ, բնականաբար, պետք է համապատասխան աշխատանք տանենք՝ նրանց ահաբեկչական բնույթի քայլերն ու նպատակները չեզոքացնելու: Իսկ այդ աշխատանքները, առաջին հերթին, պետք է ռուս խաղաղապահների, Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների՝ ԱՄՆի ու Ֆրանսիայի հետ տանենք»,- ընդգծեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։