Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Փաշինյանի խոսքերի և իրականության մեջ հերթական անգամ մեծ տարբերություն.. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ:

«Մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաև կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ… հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի», – ասել էր Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերի և իրականության մեջ հերթական անգամ մեծ տարբերություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Նիկոլ Փաշինյանն ամբիոնից հայտարարում է՝ եթե չեք ուզում հանձնել հողերը, կարող եք գնալ և պաշտպանել: Այն մարդիկ, որոնք դիմել են մինչև այսօր, ինչո՞ւ նրանց չեք թույլատրում գնալ սահման»: Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, թե զորահավաքը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում:

«Գործող օրենքի համաձայն՝ զորահավաքը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում», – ասվում է ՊՆ-ի պատասխանում: Այսինքն՝ ստացվում է, որ իրականում մարդիկ չեն կարող գնալ սահման, պաշտպանել մեր երկիրը, քանի որ ռազմական դրություն, հետևաբար նաև զորահավաք չկա: Նիկոլ Փաշինյանը ուղղակի պոպուլիստական հայտարարություն էր անում, թե՝ գնացե՛ք պաշտպանեք երկիրը, ո՞ւմ եք սպասում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում