Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ժողովրդի այն հատվածը, որը կարող է ժողովրդի մնացած հատվածի համար պահանջները դնել հասկանալի ձևով, ազգային ազատագրական պայքարի դրոշը բարձրացնելն է

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, Ազգային ժողովում լսումների ժամանակ հայ ժողովրդի ազատագրական պայքարի նոր փուլի սկզբի մասին հայտարարեցիք։ Նաև խորհրդարանական ուժերին քննարկումներ սկսելու կոչ արեցիք։ Ի՞նչ է ենթադրում Ձեր առաջարկը, ի՞նչ անելիք ունեն քաղաքական ուժերը։

Առաջարկն իմը չի եղել, առաջարկը ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից է եղել, ես այնտեղ հրավիրված եմ եղել։ Եվ ես այսպես եմ հասկացել, որ այդ լսումներին ներկայացված էր ԱԺ մեծամասնության կողմից մեկ անգամ արդեն մերժված նախագիծ՝ Բերձորի միջանցքը բացելու հետ կապված հայտարարություն։ Եվ «Հայաստան» խմբակցությունը հրավիրել էր մասնագետների, նաև քաղաքական միավորների, որպեսզի այդ նախագծի շուրջ մենք ավելի լայն հասարակական աջակցություն ձևավորենք, որպեսզի «Հայաստան»-ի կողմից այդ պահանջը թեկուզ հայտարարության տեսքով լինի։

Իմիջիայլոց ասեմ, որ հիմա ամենակարևոր բաները հայտարարության տեսքով են ասում։ Իսկ ես համոզված եմ, որ նման հարցերը լուծում ունեն ընդդիմության միջոցով։ Իշխանությունների մասին ոչինչ չեմ ասում, որովհետև իշխանությունները միշտ էլ գտնվում են տարբեր քարերի արանքում, իրենց հնարավորությունը սահմանափակ է։ Ես ընդամենը խոսում եմ ընդդիմության մասին, որ ընդդիմությունը պետք է անի այն, ինչն իշխանությունը կամ չի անում, կամ չի ուզում անել։ Այս հարցազրույցը երևի կօգնի, որ ընթերցողն ավելի ուշադիր լսի իմ ելույթը։ Այսինքն՝ ընդդիմությունը, բացի իշխանափոխությունից, այլ անելիք էլ ունի։ Եվ քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել, ընդդիմության դերը շեշտելով, մենք լայն աջակցություն պետք է ապահովենք։ Ես սրանով չեմ ուզում ասել, որ Հայաստանում իշխանափոխության կարիք չկա, 30 տարի մեզ մոտ իշխանափոխության կարիք եղել է։ Ես 30 տարի այդ պահանջը ներկայացրել եմ բոլոր իշխանություններին, որովհետև իշխանություններից պետք է պահանջես, որ նրանք տեղից շարժվեն։

«Հայաստան» խմբակցության քաղաքական միավորը Դաշնակցությունն է, իսկ Դաշնակցության հետ ես շատ լավ ծանոթ եմ։ Ես միշտ էլ համարել եմ, որ ժողովրդի այն հատվածը, որը կարող է ժողովրդի մնացած հատվածի համար պահանջները դնել հասկանալի ձևով, դա ազգային ազատագրական պայքարի դրոշը բարձրացնելն է։ Այսինքն՝ ես շատ բնական քայլ եմ արել իմ կողմից, երեկվանից ազդարարել եմ ազգային ազատագրական պայքարի նոր փուլի սկիզբը։ Եվ սպասում եմ առաջին հերթին պաշտոնական ընդդիմության արձագանքին։ Ելութից հետո ինձ ընդդիմադիրներն ասացին, որ առաջարկը լուրջ է, ես մեկ անգամ էլ շեշտեցի իմ առաջարկի լուրջ լինելու մասին։ Իմ կարծիքն ու տեսակետը ազգային ազատագրական պայքարի մասին լավ հայտնի են։

Ես արդեն նկատում եմ, որ մի շարք քաղաքական միավոր դառնալու ձգտում ունեցող հասարակական խմբավորումներ շարժվում են տեղից։ Եվ իրենք իմ այդ կոչի հետ համաձայն են։ Եթե այդ խմբավորումները մինչ օրս համարել են, որ ընդդիմադիր դաշտն զբաղեցված է, և իրենք տեղ չունեն մտնելու, ես դա էլ եմ ծայրահեղական մոտեցում համարում։ Մյուս ծայրահեղություն այն է, որ քաղաքական դաշտն զբաղեցված չէ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող միավորումների կողմից։ Մասնավորապես, պաշտոնական ընդդիմության կողմից։ Եթե այդ երկու ծայրահեղություններից մենք հեռանանք, ընդ որում ոչ միայն շարքային ժողովուրդը, որն սպասում է դրան, այլ հենց այդ սուբյեկտները, որոնք այդ ծայրահեղությունների մեջ են, մեզ մոտ կձևավորվի միասնական կարծիք։ Ես համոզված եմ, որ այն երկու բևեռները, որոնք տեսանելի են մեզ համար՝ պառլամենտական մեծամասնության ու պառլամենտական փոքրամասնության բևեռները, դրանց կողմնակիցներն այնքան չեն, ինչքան վերջին ընտրություններում իրենց ձայն են տվել։

Այսինքն՝ մի քանի հնարավորություն ունենք, այդ հնարավարություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր ձեռքը վերցնի գործընթացը։ Արդեն ինձ համար պարզ է, որ խորհրդարանական ընդդիմության սեփական ռեսուրսների մասին կարծիքը գերազանցված է։ Միգուցե իրենց մոտ շատ-շատ է այդ ռեսուրսը, բայց այդ ռեսուրսով իրենք երկու տարի է՝ չեն կարողանում որևէ խնդիր լուծել։ Այսինքն՝ իրենք պետք է շահագրգռված լինեն, որ իրենց ռեսուրսն ընդլայնեն մտավոր ու բարոյական ռեսուրսի հաշվին, իսկ փոքր միավորներն էլ պետք է հրաժարվեն այն մտքից, որ դաշտը զբաղեցված է, ինչը պատճառ բերելով՝ իրենք կարող են ոչինչ չանել։ Եվ դա կարող է խթանել այն գործընթացը, որը, երբ 1988 թվականի նոյեմբերի 29-ին իմ առաջին քաղաքական հրապարակումը եղավ, այնտեղ անվանել եմ ազգային ազատագրական պայքար։

Ի՞նչ գաղափարների շուրջ պետք է լինի այդ համախմբումը։

Բոլոր ժողովուրդների, բոլոր մարդկանց նպատակը մեկն է՝ ապրել ապահով և բարեկեցիկ միջավայրում։ Այ դրա շուրջ մենք պետք է հավաքվենք։ Մնացածը խորը կամ ոչ խորը մասնագիտական հարցեր են, դրանք պետք է համապատասխան մասնագետները լուծեն։ Այդ վեճին ես խորհուրդ չեմ տա մասնակցել որևէ շարքային քաղաքացու, որովհետև շարքային քաղաքացին իրեն այնքան խաբված է զգում, որ մտածում է, որ այդ ամեն ինչն ինքը պետք է իմանա։ Բայց մարդը չի կարող այդքան բան իմանալ, պետք է համապատասխան ենթակառուցվածքներն ստեղծվեն, որ մարդը իմանա, թե ում է հավատում։ Այսօր, երբ մարդիկ որևէ մեկին ավելի շատ են լսում, դա չի նշանակում, որ նրան են հավատում, այլ ուղղակի սին հույսեր են կապում այս կամ այն բևեռի հետ։ Մենք պետք է վերադառնանք նրան, որ երկիրն ընտանիքին շատ է նման, բայց երկրի կառուցվածքը մի քիչ ավելի բարդ է։