Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրել նաև Լելե Թեփե բարձունքի օպերացիայի դրվագով

Զոհված զինծառայողների ծնողները կդիմեն նախաքննական մարմնին՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին այլ դրվագներով ևս մեղադրանք առաջադրելու հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից։

 Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում երկու դրվագով, որոնցից մեկը վերաբերում է Լելե Թեփե բարձունքի օպերացիային։ Ըստ իրավապահների՝ Հարությունյանի գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ: Մյուս դրվագը վերաբերում է «Ցորի» զորամասի զինծառայողներին՝ Ֆիզուլիի կամ Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում հոկտեմբերի 12-ի իրադարձություններին։ Ըստ ՔԿ-ի՝ այնտեղ նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև Հայաստանի ԶՈՒ համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Ըստ մեղադրանքի, Հարությունյանը, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը մի քանի անգամ ևս խնդրել է ճշգրտել, սակայն նույն պատասխանն է ստացել։ Արդյունքում 2-րդ մարտկոցի անձնակազմը մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, վիրավորվել` 7 -ը, մինչև հիմա անհայտ է փոխգնդապետի գտնվելու վայրը։ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասը անցել է հակառակորդի հսկողության տակ` այնտեղ պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերով, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում։

Նշենք, որ «Ցորի» զորամասի գործը՝ Գևորգ Գևորգյանի դրվագով գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ ապացույցների հետազոտման փուլում։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ գործով արդեն իսկ հետազոտվել են փաստաթղթերը, հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն վկաները։

Ի դեպ, «Ցորի» զորամասի գործով թե՛ տուժող կողմը, թե՛ պաշտպանության կողմն ի սկզբանե բարձրաձայնում էր «մեղավորների բուրգի» մասին՝ պատասխանատուների շարքում արձանագրելով նաև Ջալալ Հարությունյանի անունը։ Զորամասի զոհված զինծառայողների ծնողները քրեական գործի շրջանակներում ցուցմունք տվել են, պատմել, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում:

Հարցին ի պատասխան, թե ինչով է պայմանավորում հանգամանքը, որ միայն այս փուլում Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց՝ նկատի ունենալով, որ թե՛ տուժող կողմը, թե՛ Գևորգ Գևորգյանի պաշտպանն ի սկզբանե բարձրաձայնում էր Հարությունյանին ներգրավելու անհրաժեշտության մասին՝ Լիպարիտ Սիմոնյանը դա կապեց նախաքննական մարմնի գործողությունների հետ, ըստ Սիմոնյանի, դա պայմանավորված էր ապացույցների բավարար ամբողջություն ունենալու հետ, վերջին հաշվով՝ բարձրաստիճան զինվորական է, այնպես չլինի, որ թույլ մեղադրանք առաջադրեն։ Բացի այդ, Սիմոնյանը նշեց, որ Հարությունյանին երկու դրվագ մեղադրանք է առաջադրված, միայն «Ցորի» զորամասի դրվագը չէ։

«Տեղեկություններ ունեմ, որ այլ ծնողներ էլ կան, որոնք «Ցորի» և մյուս դրվագի հետ կապ չունեն, նրանք էլ են ցանկանում դիմել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի Ջալալ Հարությունյանին այդ դրվագներով էլ մեղադրանք առաջադրվի»,- նշեց Սիմոնյանը։

Ի դեպ, Ջալալ Հարությունյանից զատ՝ զոհված զինծառայողների ծնողները գտնում են, որ պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Գենադի Բաղդասարյանը։ Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ առաջիկայում միջնորդություն կներկայացվի նախաքննական մարմնին՝ Գենադի Բաղդասարյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում իրականացնելու պահանջով։