Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զորակոչի տարիքը կդառնա 28 տարեկանը

Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Այժմ զորակոչի տարիքը մինչև 27 տարեկանն է: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում արդեն իսկ զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: Այս խնդիրն առաջացել  է այն հանգամանքից, որ հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք տարիքը սահմանել 28  տարի, որով կլուծվի խնդիրը»,-ասաց նախարարը:

Նախագծով սահմանվում է նաև, որ կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը: