Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զորավարժություններ-սպառնալիքներ մշտական ռեժիմում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ավելի քան 10 համատեղ զորախաղեր կանցկացվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի ստորաբաժանումների մասնակցությամբ այս տարվա ընթացքում

Անցյալ շաբաթ Կարսում ավարտվեցին «Ձմեռային վարժանք-2023» զորավարժությունները, որին Թուրքիայից բացի, մասնակցում էին մեկ տասնյակից ավելի երկրներ, այդ թվում՝ եվրոպական երկրներ ու ՌԴ դաշնակիցներ: Այսպես, 17 երկրների զինվորականները ներկայացնում էին` Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, Կոսովոն, Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Եթովպիան, ինչպես նաեւ Ռուսաստանի ՀԱՊԿ-ական դաշնակիցները` Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Զորավարժությունների փակման արարողությանը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հարկ համարեց խոսել «Զանգեզուրի միջանցքի» բացման թեմայով, նկատելով, թե այն կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ «Մենք ու Ադրբեջանը միասին էինք թե՛ վշտի, թե՛ ուրախության օրերին։ Մենք բոլոր հնարավոր աջակցությունն ենք ցուցաբերել Ադրբեջանին «հայրենական պատերազմում»: Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի այս հնարավորությունը։ Եթե Հայաստանը պահպանի հրադադարի համաձայնագիրը, այն կարող է դառնալ խաղաղության եւ կայունության մաս: Դա կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու տնտեսական բարգավաճմանը», – ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարն իր ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ հանդիպումից հետո:

Իսկ օրեր անց արդեն Milliyet թերթին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքը փոքր-ինչ զգուշացման տոնայնությամբ արտահայտվեց: «Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից եւ երազում է: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ընձեռված հնարավորությունը»,- ասել է Աքարը: Նա նաեւ հավելել է, թե այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքը», որը շարունակ մերժվում է Հայաստանի կողմից, եւ դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհները արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի եւ անվտանգության տեսանկյունից։

Նկատենք, որ «Ձմեռային վարժանք-2023» զորախաղերին հետեւելու համար Կարսում էին նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Կարսում հայտարարել է, որ Թուրքիան մեծ դեր է խաղում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման գործում: Նրա խոսքով, 2023թ. ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի ստորաբաժանումներն ավելի քան 10 համատեղ զորախաղեր կանցկացնեն: Դրանք տեղի կունենան ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի տարածքներում: Հասանովը գովեստով է խոսել Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի մասին, ասելով, որ այն մեծ դեր ունի Ադրբեջանի բանակի հզորացման գործում. «Մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր, աշխատում ենք համատեղ արտադրություններ ստեղծելու վրա: Մենք հիացած ենք Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նվաճումներով»:

Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարություններին զուգահեռ՝ նույն օրն այդ երկրի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա եւս նկատել է, թե որ դեպքում Թուրքիան պատրաստ կլինի բացել Հայաստանի հետ սահմանները։ Այսպես, Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը նշել է, թե այս հարցը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումից. «Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցումները կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առեւտրաշրջանառությունը զգալի աշխուժանա»: Ապա` թուրք նախարարը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել բոլոր ենթակառուցվածքները եւ հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։

Թուրք երկու պաշտոնյաների հայտարարությունից մեկ-երկու օր առաջ էլ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց. «Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության եւ կայունության համար կարեւոր հնարավորություն է ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»։ Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը եւս լինի կայունության եւ զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիան եւ Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։ «Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության եւ խաղաղության մասին»,- նշել էր Չավուշօղլուն։

Նախանձելի ինտենսիվությամբ եւ պարբերականությամբ պաշտոնական Անկարան խոսում է «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին: Հատկանշական է, որ «ուղերձը» հղում է հենց Թուրքիայի պաշտպանության նախարարը: Վերհիշենք, թե վերջին մի քանի ամիսների ընթացքում քանի անգամ է Հուլուսի Աքարը խոսել այս թեմայով:

Դեկտեմբերի սկզբներին Բաքվի մերձակայքում գտնվող Փերեքիշքյուլ զորավարժարանում «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին նա դիմեց այս խոսքով. «Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին»։ Նրա փոխանցմամբ, Անկարան եւ Բաքուն «ընդհանուր են համարում ե՛ւ բարեկամներին, ե՛ւ թշնամիներին։ Սրանում թող ոչ ոք չկասկածի»։ Աքարը մանրամասնել էր, թե ողջ աշխարհն այսօր ապրում է անկայունության, ռիսկերի ու սպառնալիքների շրջան. «Ստեղծված իրավիճակում մեր երկրների եւ ժողովուրդների անվտանգության ապահովումը հնարավոր է միայն եւ միայն ուժեղ բանակի առկայության միջոցով՝ որպես արդյունավետ զսպման գործոն, եւ դրա համար անհրաժեշտ է ունենալ բարձր պրոֆեսիոնալ կադրեր, սպառազինություն եւ տեխնիկա»։ Այնուհետեւ Աքարն Ադրբեջանը Թուրքիայի համար «հարազատ» եւ «եղբայրական» երկիր էր անվանել եւ հաստատել Արցախյան 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությունը` խոստովանելով. «Համաշխարհային հանրությունը ականատես եղավ մեր միասնությանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որի արդյունքում Ադրբեջանի պատմական հողերն ազատագրվեցին երկար տարիների հայկական օկուպացիայից»։ Ապա` թուրք նախարարը հորդորել էր փակել տարածաշրջանում առկա հակասությունների ու ատելության էջը եւ սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։ «Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,- ընդգծել է նախարարը։ Ամփոփելով` Հուլուսի Աքարը մատնանշել էր Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարեւորությունը։

Հոկտեմբերի վերջին Հուլուսի Աքարը հայտարարեց Թուրքիայի հաջողությունների մասին ռազմարդյունաբերության ոլորտում` արձանագրելով, որ Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում այնքան է աճել եւ զարգացել, որ կարող է ապահովել նաեւ իր դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները։ Այդ երկրների շարքում Աքարը շեշտել էր Ադրբեջանին, Լիբիային, Կիպրոսի թուրքական հատվածին եւ կրկին հանդես էր եկել Անկարայի կողմից Ադրբեջանին պահանջները պաշտպանելու մասին հավաստիացումներով։

Այս տարի, փաստորեն, տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ են իրականացվելու: Դրանց իրականացման պատասխանատուն` Թուրքիայի պաշտպանության նախարարը, բավական հաճախակի ներկայացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները Հայաստանին: Մյուս կողմից՝ «եղբայրական Ադրբեջանի» Աքարի գործընկեր Հասանովն էլ շարունակաբար շեշտում է, որ Թուրքիան մեծ դեր է խաղում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդմանը եւ ադրբեջանական բանակի հզորացմանը։

Պաշտոնական Անկարան ողջ աշխարհին ցույց է տալիս իր կողմից թե՛ քաղաքական, թե՛ ռազմական լիակատար աջակցությունը պաշտոնական Բաքվին: Սա Հայաստանի ուղղությամբ հստակ ճնշման գործիք է, որով նրանք փորձում են Երեւանին պարտադրել` «բացել Զանգեզուրի միջանցքը»:

Նկատենք, որ Միջազգային ճգնաժամային խմբի վերջերս հրապարակված զեկույցի համաձայն` նոր բախումների վերսկսման ռիսկը բարձր է: Փորձագետները զգուշացրել են հայ-ադրբեջանական նոր բախումների մեծ հավանականության մասին, հատկապես սեպտեմբերյան հարձակումից հետո, նկատելով, որ նոր բախումների վերսկսման ռիսկը բարձր է, քանի որ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղ բանակցությունները տապալված են։ «Այն բարձունքներից, որից նրանք այժմ վերահսկում են Հայաստանի տարածքը, ադրբեջանական ուժերը կարող են սրընթաց առաջանալ՝ ավելի շատ տարածքներ գրավելու համար, ինչը կկտրի հարավային Հայաստանը երկրի մնացած հատվածից եւ կստիպի Երեւանին գնալ ավելի շատ զիջումների»,- նշել էին Միջազգային խմբի փորձագետները։