Armenia

«Արե՛ք ինչ ուզում եք, ես ձեզ խրախուսում եմ՝ քվեարկությամբ վերցրե՛ք հանձնաժողովի նախագահի պաշտոնն իմ ձեռքից». Նաիրա Զոհրաբյանը՝ իր պաշտոնը ԼՀԿ-ին տալու մտադրության մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դեմ նոր ալիք է զարգանում՝ նրան հանելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Թեման ու առիթն այս անգամ արտերկրում ապրող մեր մի հայրենակցուհուն Նաիրա Զոհրաբյանի արձագանքն էր՝ «մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից»: Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանց նետվեցին Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ զրույցների ձայնագրությունները, որտեղ պատգամավորները հունից դուրս էին եկել եւ վիրավորական բառապաշար օգտագործել։

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ սփյուռքահայերը ստորագրահավաք ու նախաձեռնություն են սկսել ձեր դեմ, նամակներ են պատրաստել, որն ուղարկելու են ԱԺ նախագահին եւ Եվրախորհուրդ, ինչպե՞ս կարձագանքեք այդ քայլերին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Գիտեք, այս ընթացքում ես, ունենալով շատ հստակ  տեղեկատվություն բազմաթիվ երկրներում դեսպանություններում աշխատող ինձ շատ հարազատ, շատ մտերիմ ընկերներից, գիտեմ, թե ինչ է իրականում կատարվել: Իշխանության ամենաբարձրագույն հրահանգով սփյուռքին հանձնարարված է կազմակերպել իմ դեմ այս անբարո արշավը: Նախ, կատարելով հանցագործություն, որի  համար իրենք բոլորը ենթարկվելու են քրեական պատասխանտվություն, իմ անձնական օգտահաշվից հանելով մի կնոջ հետ երկխոսությունը, որտեղ ես, արձագանքելով իմ եւ իմ աղջկա հասցեին ամենասրբապիղծ սեռական հայհոյանքներին, պատասխանել եմ կոնկրետ եւ միայն ու բացառապես սույն տիկնոջը, բայց փորձելով խաղալ սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների զգացմունքների, էմոցիաների վրա, հրահրում են կազմակերպել այսպես կոչված «ինքնաբուխ լայվեր» իմ դեմ, կազմակերպել այդ ստորագրահավաքը:

Ինձ տեղեկատվությունը փոխանցված է դեսպանության մեր բազմաթիվ աշխատակիցների միջոցով: Ողբամ ձեզ, երկրի առջեւ ծանրագույն խնդիրները թողած՝ մեր կառույցները, մեր պաշտոնյաները, երկիրը ներկայացնողներն ինչով են  զբաղված: Կրկնում եմ վերջին անգամ եւ հույս ունեմ էլ ստիպված չեմ լինի այս հարցին անդրադառնալ՝ սփյուռքում ապրող մեր հարգելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ եւ բացառապես նրանց, ովքեր այս ընթացքում չհայհոյեցին, հստակ հասկացան, թե իմ խոսքն ում եւ ինչ երեւույթին էր ուղղված: Չեմ դիմում բոլոր նրանց, ովքեր հայհոյեցին ու շարունակում են հայհոյել, որովհետեւ ես հասկացա, որ եթե իրենք իրենց վրա են վերցրել, ուրեմն ես շատ ճիշտ թիրախին եմ  խփել հենց նաեւ իրենց դեպքում: Ես քիչ առաջ ստացա նաեւ մի նամակ, որտեղ ասվում է՝ այո, իմ հորեղբոր տղային հորեղբայրս բանակից փախցնելու համար փախցրել է Անտվերպեն, ինչի՞ պիտի այ աղչի քո քոռ Լեւոնի, հանցագործ Սերժի եւ Ռոբի համար ախպերս դառնա էշ նահատակ:

Հիմա մեկը լինելո՞ւ է, որ ունենա այդ քաջությունը եւ քաղաքական խիզախությունը՝ ասելու, որ այո, այդպիսի հայրենակիցներ էլ մենք ունենք: Եթե հայը վերցնում է ադրբեջանցու ազգանուն, Ստրասբուրգում գալիս է Regence Complex հոթել ու փորձում է իմ  օգնությունը խնդրել, որ եղբոր ընտանիքը տեղափոխվի, հետո այդ Ալի Հասանով հայն ինձ անարգանքի սյունին է գամում՝ սիրելի՛ սփյուռքահայեր, սթափվե՛ք: Այս ամենը կազմակերպվում է Հայաստանի բարձրագույն իշխանության կողմից, կազմակերպվում է իմ կուսակցության, Գագիկ Ծառուկյանի, Գեւորգ Պետրոսյանի հանդեպ: Սա հստակ ուղղորդված, կեղտոտ, անբարո հակաքարոզչություն է՝ ԲՀԿ-ի քաղաքական առաջնագծում կռվող պատգամավորներին եւ գործիչներին վարկաբեկելու համար: Ասեմ, որ չե՛ք կարողանալու, չի՛ ստացվելու: Ավելի վճռական, ավելի հետեւողական, քան ես հիմա եմ ձեր այս անբարո արշավների արդյունքում, երբեւէ իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ եղել: Կա մի հատված, որը հասկացավ, որ իմ անունը տալով՝ լայվերի քանակ է ապահովելու, մի հատվածն էլ փորձեց իմ անունը տալով՝ կայանալ: Ինչպես շատ դիպուկ նկատել էր օգտատերերից մեկը՝ գրելով, որ «ես ամաչում եմ, որ նույնիսկ թշնամի Ալիեւին այդքան չհայհոյեցին, որքան հայ կնոջը», ինչ ասեմ,  ամոթ ձեզ: Գիտեք ինձ նաեւ ինչը զարհուրեցրեց. ես պետական ապարատում ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնց մի մասը չեմ ասում իմ քաղաքական մեկնաբանություններին, անգամ նկարներին վախենում են «լայք» դնեն, որովհետեւ, ինչպես ինձ ասացին՝ իրենց բոլորին զգուշացված է՝ եթե անգամ համարձակվես լայք դնես Նաիրա Զոհրաբյանի նկարին, կհեռացվես աշխատանքից: Դուք պատկերացնո՞ւմ եք, սա 37 թիվն էլ չի, սա ավելի զարհուրելի է: Ամեն դեպքում խոսքս ուղղում եմ ոչ թե իրենց վախեցնողներին, այլեւ վախեցածներին՝ վաղը հերթ չկանգնեք ինձ բարեւելու համար»:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ այս օրերին ավելացել են սփյուռքահայ օգտատերերի՝ սոցցանցերում իր էջին ընկերության հայտերը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմահազար սփյուռքահայ մեր հայրենակիցներին, ովքեր այս օրերին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ինձ: Շնորհակալ եմ, որ ճիշտ հասկացաք, թե իմ ասածն ում եւ ինչին է վերաբերել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելեց. «Նրանք, ովքեր այս արշավը կազմակերպել են, շատ լավ ճանաչում են ինձ: Մեռնելուց էլ լինեմ՝ վերջին շնչիս անգամ չեմ նահանջելու եւ թույլ չեմ տալու, որ դուք ատելությամբ երկիրը տանեք կործանման: Եղբորը հանել եք եղբոր դեմ, հորը հանել եք հոր դեմ, հարազատին թշնամի եք դարձնում, որովհետեւ ատելության մեջ հեշտ է բաժանել եւ տիրել: Չի՛ հաջողելու, գնդակահարե՛ք, ձերբակալե՛ք ինձ, հետքայլ չեմ անելու: Իմ վճռականության, իմ սկզբունքայնության վրա հանկարծ չկասկածեք: Ձեր հայտնի բանաստեղծության նման էլ ասեմ՝

Իմ կամքը պողպատից ամուր է,

Իմ հոգին էլ նահանջել չգիտի…»:

Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ տարբեր թեմաներով սկսեն իր եւ ԲՀԿ մյուս պատգամավորների ձերբակալությունների շարք, այս օրերին էլ ԱԱԾ են կանչում ու հարցաքննում են ԲՀԿ տարածքային մարմինների ներկայացուցիչներին. «Ինչ ուզում եք՝ արեք: Դուք այնքան արդեն սահմաններ եք անցել քրեական, բարոյական, ինչ էլ անեք՝ որեւէ մեկս արդեն չի զարմանալու, որեւէ մեկս արդեն չի զարհուրելու: Աղքատությանը, կոռուպցիայի դեմ տապալված պայքարին, սոցիալական լարվածությանը պատերազմ հայտարարելու փոխարեն ողջ պետական մեքենան, սփյուռքի մեր կառույցները, դեսպանատները, ամեն ինչը դրել եք մի կուսակցության դեմ պատերազմելու վրա: Պատերազմե՛ք: Մենք ընդունել ենք այդ պատերազմը եւ գնալու ենք մինչեւ վերջ»:

«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը հարցին, թե Նաիրա Զոհրաբյանն իրավունք ունի՞ լինել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ պատասխանել էր, որ նման դեպքերում լուծումներ կան. «ԱԺ կանոնակարգում կա հնարավորություն հանձնաժողովի նախագահին զրկելու իր պաշտոնից եւ երկրորդը՝ Էթիկայի հանձնաժողովի կառուցակարգերը կատարելագործելու միջոցն է: Մենք պետք է ստեղծենք Էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով, որը նման հարցերը քննության կառնի եւ անհրաժեշտության դեպքում նաեւ Ազգային ժողովին կկարողանա խորհուրդ տալ՝ ինչպիսի պատժամիջոց կիրառել՝ այս կամ այն պատգամավորի նկատմամբ նրա վարքի համար»:

Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես իրենց չեմ պատասխանելու, որովհետեւ իրենք ընդամենը փոքր դերակատար են այս ամբողջ մեծ պատմության մեջ: Սա շատ ավելի բարձր տեղից է ուղղորդվում: Իրենց մեջ կան պարկեշտ մարդիկ, որոնք մեզ տալիս են ինֆորմացիա, թե այդ գռեհիկ ստատուսները, որ իրենք պատվիրում են, ինչպես են իրենք կարդալով հրճվում: Ասեմ, որ երբ ձեր զավակների մասին ես տեսնում եմ անբարո ստատուսներ, իմ սիրտը ճմլվում է, ես չեմ ուրախանում: Ես  չեմ ասում՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, ես ցավ եմ ապրում, որովհետեւ եթե ես ձեր չարությանը պատասխանեմ չարությամբ, ապա ինչո՞վ կտարբերվեմ ձեզանից: Իմ եւ ձեր տարբերությունը դա է՝ ես մերժում եմ տոտալ թշնամանքը, հայհոյանքը, ատելությունը՝ անկախ նրանից՝ հայհոյում են ի՞մ զավակին, թե՞ ձեր՝ բանակից եկած տղային: Ինչ վերաբերում է հանձնաժողովի պաշտոնից ինձ հանելուն, ինչ ուզում են՝ թող անեն, հրավիրեն էթիկայի հանձնաժողով: Ի դեպ, ասեմ, որ ես ինքս այնտեղ շա՜տ ներկայացնելու բաներ կունենամ այդ նույն պատգամավորների՝ անձնական էջերում գրված թշնամանքի, մարդու իրավունքները խախտող խոսքերի վերաբերյալ իմ, կուսակցության, իմ կուսակցության առաջնորդի հասցեին:

Իսկ պաշտոնը ինձ համար ընդամենը գործիք է՝ խնդիրների լուծման համար: Ի տարբերություն իրենց, ես ունեմ ժողովրդի պատգամավորի պաշտոնը, որը որեւէ մեկը որեւէ քվեարկությամբ ու որեւէ հանձնաժողովով իմ ձեռքից վերցնել չի կարող: Հիմա առաջարկում եմ այդ նույն պատգամավորներին ինձ հետ միասին քայլել Երեւանի, կամ հանրապետության ցանկացած փողոցով: 99,9 տոկոսով իրենց որեւէ մեկը չի ճանաչելու, այդ մի տոկոսն էլ իմ կողմից նվեր իրենց, որովհետեւ 100 տոկոս չեն ճանաչելու: Ընդամենը թող կողքիցս քայլեն եւ տեսնեն իմ հանդեպ ժողովրդի վերաբերմունքը: Այնպես որ, ես ունեմ ժողովրդի ամենամեծ վստահությունը, մնացածն ինձ համար հազարերորդական բաներ են, հանձնաժողովի նախագահի պաշտոնն էլ գործիք է, աշխատանքի արդյունավետությունն ավելի լավ կազմակերպելու համար: Որպես պատգամավոր, ես միգուցե շատ ավելի անկաշկանդ կլինեմ իմ քայլերում, այնպես որ, արե՛ք ինչ ուզում եք: Ես ձեզ խրախուսում եմ ստեղծել այդ հանձնաժողովը եւ քվեարկությամբ վերցնել հանձնաժողովի նախագահի պաշտոնն իմ ձեռքից»:

Մենք հարցրեցինք՝ եթե նույնիսկ ձեզ հանեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Դոնթի բանաձեւով այդ պաշտոնը ԲՀԿ-ին չի՞ պատկանում՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իրենք այնքան են թքել Հայաստանի օրենքների վրա, Հայաստանի Սահմանադրությունն այնքան են կոխրճել ոտքերով, որ «ԱԺ կանոնակարգի» վրա թքած ունենալն իրենց համար արդեն արեւածաղկի սերմ չրթելու նման բան է: Ես ունեմ տեղեկատվություն, թե ինչ են իրենք մտածել՝ կազմակերպելով այս այսպես ասած «սփյուռքի ինքնաբուխ ցասումը»: Այդ նամակը բերելու են ԱԺ, գիտեք, հիմա նախաձեռնություն կա ստեղծել էթիկայի հանձնաժողով, բերելու են, էթիկայի հանձնաժողովով քվեարկելու են, հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու են եւ ասելու են՝ քանի որ այդ խմբակցությունում բոլորը մարդու իրավունքների պոտենցիալ ոտնահարող են, մենք մեր քվեարկությամբ այդ տեղը տալիս ենք «Լուսավոր Հայաստանին»: Սա է իրենց սցենարը: Թող անեն ինչ ուզում են: Ի տարբերություն  իրենց, որ որեւէ մեկը չի ճանաչում, բացի մի քանի հոգուց՝ Նիկոլից, Արարատից, ես ունեմ ժողովրդի պատգամավորի ամենամեծ մանդատը: Այնպես որ, ինչ ուզում են թող անեն»:

Մամուլում վերլուծություններ են անում, որ «Իմ քայլի» նպատակն է մինչեւ Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ բերելը ձեզ այդ պաշտոնից հեռացնեն՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Չի բացառվում, որ հնարավոր թիրախներից մեկն էլ դա է: Բայց քանի որ ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում, կարող են անեն ինչ ուզում են: Ինձ որեւէ կերպ լռեցնել հնարավոր չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Football news:

Pochettino is the main candidate for the post of Barca coach. Setien can be sacked if the club does not win the Champions League
Pedro's drama: he was afraid of getting injured in the summer, succumbed to Lampard's persuasions – and got injured in the last game for Chelsea
Conte wants to return to Juventus. He asked the players about Sarri's future at the club
Ex - Roma coach Di Francesco took charge of Cagliari, replacing Zenga
England will remove players who intentionally cough at opponents and referees
Manchester City showed a new away form
The Icelandic national team presented their home uniforms for the 2020/21 season