ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթփոշակի ուղարկելու մասին կառավարության նախագծին, որն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ սրանով չեն լուծվում համակարգում առկա խնդիրները: Ավելին, որ դատավորը դիմում գրի, որ ինքնակամ գնում է թոշակի, նա մասնագիտական ինքնանվաստացման գործընթացով է անցնելու:

«Այսօրվա Սահմանդրական դատարանի համար մեր աչքերը չեն ուռել, բայց մենք համակարգային մոտեցումներ ենք ներկայացնում և ձեզ՝ որպես իշխանություն, ասում ենք, որ այսօր թիրախավորել եք մի մարմին ու մի մարմնում մի մարդու»,- ասաց նա:

Ըստ Մարուքյանի՝ թիրախավորելուց էլ այնքան սխալ են թիրախավորում, որ, ժողովրդի լեզվով  ասած, ամբողջությամբ «փոզմիշ եք արել այդ պրոցեսը»:

«Երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց, փոխանակ գնար Սահմանադրական դատարան ու ասեր, որ՝ իշխանությունը կամ ես խնդիր ունենք միայն ՍԴ նախագահի հետ, որ մինչև 2037 թիվը պետք է ինքը մնա, այլ խնդիր դրեց, որ բոլոր դատավորները պետք է դուրս գան: Եվ, ըստ էության, սրանով իշխանությունը ՍԴ բոլոր դատավորներին համախմբեց իր դեմ: Հիմա բոլոր դատավորներին համախբել է իր դեմ, ասում է՝ դե լավ, եկեք էս բոլոր դատավորներին փող տանք, գնան: Չեք կարողանում մարդ հանել, ձեզ սովորացնե՞նք, թե ոնց ա պետք մարդ հանել: Դուք տապալել եք այդ քաղաքական գործընթացը, դուք տապալել եք ՍԴ՝ ձեր նշած ճգնաժամի լուծումը: Ո՞նց կարելի էր գնալ բոլորին համախմբել ձեր դեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հարցադրում արեց՝ իրավական տեսանկյունից ո՞նց կարող է ընդունելի լինել, որ դատավորները պետք է դիմում գրեն, գնան իրենց տանը նստեն ու բարձր աշխատավարձ ստանան: «Հարց է առաջանում, բա էն դատավորները, որ Նիկոլ Փաշինյանին են դատել, Սասուն Միքայելյանին, Գագիկ Ջհանգիրյանին ու մյուսներին են դատել, բա իրենց նկատմամբ վստահության խնդիր չկա՞: Թե՞ նրանք արդեն գործարքի մեջ են, թե՞ նրանց արդեն ինչ ասում եք, անում են»,- հարցադրում արեց Մարությանը:

Նա հիշեցրեց, որ փետրվարին սահմանադրական հանձնաժողով է ձևավորվելու, և այս հարցը հնարավոր է լուծել միայն սահմանադրական փոփոխությունների ու սահմանադրական հանձնաժողովի միջոցով: