Ռուսաստանի ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Նա հանդիպելու է Իլհամ Ալիևին և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, քննարկելու է միջազգային ու տարածաշրջանային խնդիրները, ներառյալ ղարաբաղյան կարգավորման հարցը:

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Լավրովը ավելի վաղ Երեւան էր այցելել, որի ընթացքում հրապարակավ համաձայնել էր Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանության մոտեցումներին: Մասնավորապես, որ առանց Արցախի մասնակցության չի կարող լինել խնդրի հանգուցալուծում, եւ որ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին:

Ահա այս «բեռով» Լավրովը մեկնում է Բաքու: Անկե՞ղծ է եղել ՌԴ ԱԳ նախարարը Երեւանում, թե՞ այդ հայտարարություններն արել է այն պատճառով, որ ԱՄՆ Կոնգրեսում հայերի ցեղասպանության ճանաչման ֆոնին Հայաստանի ուղղությամբ Մոսկվայի քաղաքականությունն արդեն ակնհայտ ոչ բարեկամական էր երեւում: Ընդ որում, Կոնգրեսի որոշումից հետո Լավրովը միակը չէր, որ քաղաքական հաճոյախոսություններ էր անում Հայաստանի հասցեին:

Մյուս կողմից, Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանության նոր մոտեցումները հակասում են կարգավորման այսպես կոչված «ռուսական պլանին» եւ ըստ այդմ ուղղված են խնդիրն այդ տրամաբանության շրջանակներից հանելուն: Ուշագրավ է, որ Բաքվի մեդիա-փորձագիտական որոշ շրջանակներում ափսոսանք է հայտնվում այդ պլանը ժամանակին չընդունելու կապակցությամբ:

Բրատիսլավայում Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպման նախօրեին Լավրովը Բաքվում կխորացնի՞ այդ ափսոսանքը, թե՞ կփորձեն համատեղ ուժերով այն պարտադրել հայերին: