logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

«Ստեղծագործելու համար պետք է հոգիդ հանգիստ լինի». հոգու այդ հանգստությունը սիրիահայ Սալբի Քէլէշեանը գտավ Հայաստանում

Սալբի Քէլէշեանը մանկուց սիրել է նկարել, բայց Սիրիայում հանդես չի եկել որպես նկարչուհի: «Ծնվել և ուսանել եմ Հալեպում, այնուհետև ամուսնացել եմ և ունեմ երեք աղջիկ: Հալեպում երբեք չենք աշխատել ոչ ես, ոչ էլ աղջիկներս, այնտեղ մի քիչ այլ է կյանքը, չկա այնպիսի մոտեցում, որ սովորելուց հետո աղջիկը պետք է աշխատի, հիմնականում աշխատում են այն կանայք, ովքեր ֆինանսի կարիք ունեն: Կանայք սահմանափակ են այնտեղ, միշտ տան գործերով են զբաղված, հոգեկան աշխարհը փոխելու համար ձեռագործով են զբաղվում: Ես մանկուց սիրել եմ նկարել, փոքր թղթերի վրա նկարում ու գցում էի»:

Սալբի Քելեշյանն իր ընտանիքով տեղափոխվել է Հայաստան 2012թ. Սիրիայի հակամարտությունների հետևանքով. «Մենք Հայաստանում հոգեպես հանգիստ ենք, և որոշեցի որ ես այլևս պետք է նկարեմ, այլ ոչ թե թղթերի վրա նկարեմ ու գցեմ, այստեղ երկու ամսվա նկարչության դասընթաց անցա, սովորեցի կտավի վրա նկարել և քանի որ տանն եմ նկարում` ննջասենյակում, որոշեցի ակրիլով աշխատեմ, քանի որ յուղաներկի հոտը տարածվում էր տան մեջ: Հիմնականում սիրում եմ վառվռուն գույներով ուրախ նկարներ նկարել, միայն մի քանի նկար ունեմ պատերազմական թեմայով, որոնք ՄԱԿ-ի առաջարկով եմ նկարել` օրացույց պետք է պատրաստեին»:

Սալբին արդեն 5 տարի է Հայաստանում զբաղվում է նկարչությամբ, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների` Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Ղարաբաղում, Վրաստանում. «Շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպություններին որոնց շնորհիվ ես ցուցահանդեսների մասնակցեցի և ցուցադրեցի իմ նկարները: Մի քանի ամիս առաջ Ռուսաստանից նկարի պատվեր ունեցա, նկարներիցս մեկը ցուցահանդեսների ժամանակ էին գնել, մյուսն էլ հետո պատվիրեցին, Ֆրանսիայից ևս պատվեր եմ ունեցել, աշխատանքներս ֆեյսբուքով էին տեսել: Մեզ հանդիպող շատ մարդիկ հարցնում են, թե ինչի չենք գնում Եվրոպա, Կանադա, բայց մենք նպատակ չունենք հայրենիքից հեռանալու, մենք հոգեպես ուրախ ենք և այդ պատճառով Հայաստանում շատ բարդություններ չտեսանք»:

Սալբի Քէլէշեանի ամուսինը՝ Հակոբ Մոմջյանը ոսկերիչ է. «Ամուսինս դեռևս Հալեպում հայապահպան գործերով էր զբաղված, հին ոսկերչական գործիքների հավաքածու ուներ, որը ձեռք էր բերել տարբեր ժամանակներում և ուղարկում էր Հայաստան, ներկայումս Սարդարապատի հուշահամալիրում` Հայոց ազգագրության թանգարանում է պահվում»:

Հայոց ազգագրության թանգարանից հեռախոսազրույցի ժամանակ հստակեցրեցին, որ սիրիահայ Հակոբ Մոմջյանի կողմից ուղարկված և թանգարանում ցուցադրվող ոսկերչական գործիքները 19-20րդ դարերում հայ վարպետների ձեռքով պատրաստված և օգտագործված գործիքներն են: Եվ հավաքածուի այդ հատվածում նշված է, որ գործիքները ձեռք են բերվել սիրիահայ Հակոբ Մոմջյանի շնորհիվ:

«Ամուսինս Հայաստանում սկսեց հետաքրքրվել նաև հայակական գորգերի նախշերով, դրանց նշանակությամբ, ուսումնասիրեց և հիմա հայկական գորգերի նախշերով զարդեր է պատրաստում» պատմում է նկարչուհին և ցուցադրում ամուսնու ձեռքով պատրաստած իր պարանոցի զարդը:

Սալբիի և Հակոբի աշխատանքները ցուցադրված են նաև իրենց խանութում, որը բացել են Երևանում ապրելու տարիներին: Իրենց փոքր դուստրը` Կարինեն, Հայաստանում հաստատվելիս, թեպետ ընտրել է ատամնատեխնիկի մասնագիտությունը և ավարտել, բայց ինքն էլ ձեռագործ իրերի պատրաստման մեծ սեր ունի, ներկայումս զբաղվում է և կարպետագործությամբ և իրենց ստեղծագործ իրերով լի խանութում հայրիկի օգնականն է: Մեծ դուստրը` Աննան, երկու երեխաների մայր է, ինքն էլ Հայաստանում` Ժողովրդական արվեստի թանգարանում երեք ամիս հաճախել է կարպետագործության դասերի, այնուհետև գոբելեն և Մարաշի ասեղնագործություն է սովորել և պատմում է, որ ասեղնագործած տարբեր աշխատանքներ ունի, որոնք իրենց տան համար է օգտագործում:

Նկարչուհին պատմում է. որ երբ Սիրիայի պատերազմից փախան և եկան Հայաստան, իրենց հյուր եկավ երջանկությունը` միջնեկ աղջկան ամուսնացրել են Հայաստանում, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:

Սալբի Քէլէշեանի խոսքով իրենք միայն մեկ խնդիր ունեն այստեղ` իրենց հայրենիքում, դա բնակարանի խնդիրն է, քանի որ վարձով են ապրում, թեպետ դժգոհ չի, շեշտում է, որ այստեղ կանանց համար ազատություն կա, ինչը չկա Սիրիայում «Հալեպում քրիստոնեաները այլազգիների հետ գործ չունեն, առանձին են, նույնիսկ շուկայում հայերից էինք առևտուր անում: Երբ 2010թ-ին եկանք Հայաստան շրջագայելու, ամուսնուս ասեցի սա է մեր երկիրը, մենք ինչ ենք անում այնտեղ, երբ տեսա այստեղի ազատությունը, հատկապես կանանց ազատությունը, շատ ազդեց ինձ վրա, որ իմ աղջիկները Սիրիայում տանից դուրս չեն գալիս, մենք չէինք կարող ամեն տեղ գնալ, միայն մեր շրջապատի մեջ էինք դուրս գալիս, իսկ այստեղ նստում ես տաքսի և քո ուզած տեղը գնում». խոսելով կանանց ազատությունից, այնուամենայնիվ նկարչուհին գտնում է, որ կնոջ տեղն ընտանիքում է, և թե երեխաների խնամքը, թե տնային տնտեսությամբ զբաղվելը կնոջ պարտականությունն է:

Նկարչուհին կապը պահում է Սիրիայում ապրող իր հարազատների հետ, պատմում է, որ հրթիռների ձայնը դեռևս լսվում է, երբ շենքերի վերևով թռչում են, նշում է, որ մարդկանց ձեռքը գումար չի մնացել, տնտեսապես դժվար պայմաններ են, սակայն կարծես արդեն սովորել են այդ պայմաններին. «Սիրիայի պատերազմի ժամանակ հիմնականում երկրից դուրս եկան այն հայերը, որոնք ֆինանսապես ապահոված էին, մենք շատ հարազատներ ունենք Սիրիայում, որոնք ֆինանսի պատճառով չկարողացան գալ Հայաստան: Երբ նոր էինք եկել, ուզում էի առաջարկեի ՀՀ կառավարությանը, որ օդանավ ուղարկեին և այնտեղի հայությանը, որոնք ֆինանս չունեին` բերեին այստեղ, չնայած ՀՀ կառավարության կողմից կազմակերպվել էր և սիրահայ երեխաները որոշ ժամանակով եկել էին Հայաստան, որոնք կազդուրվեցին, այնուհետև հետ վերադարձան»:

Ըստ Միգրացիոն ծառայության 11.09.2019թ. տրամադրած տեղեկատվության 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Միգրացիոն ծառայության ստացած ապաստանի դիմումների քանակը Սիրայից եղել է թվով 15 (21 անձանց վերաբերյալ), իսկ 2019թ. առաջին կիսամյակի տվյալներով Սիրիայից ստացվել է 10 դիմում:

ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ուղղված այն հարցմանը, թե արդյոք ձեռնարկվել են միջոցներ Սիրիայում ընթացող թեժ հակամարտությունների ընթացքում այնտեղի ֆինանսապես անապահով հայ ընտանիքներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, և արդյոք պատերազմյան ժամանակահատվածում սիրիահայ ընտանիքները դիմել են Սիրիայում Հայաստանի դեսպանատուն հայրենիք վերադառնալու նպատակով` ԱԳՆ-ից 11.09.2019թ. ստացված պատասխանում նշվում է, որ ՀՀ կառավարությունը սիրիական պատերազմի առաջին օրվանից ձեռնարկել է քայլեր՝ արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայերին աջակցելու նպատակով: Մասնավորապես 2012թ. օրենսդրական փոփոխությունների արդյունքում Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին ՀՀ անձնագրեր են տրամադրվում Դամասկոսում ՀՀ դեսպանությունում և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, ինչպես նաև Սիրիայի` ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր են ստանում ՀՀ սահմանային կետերում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և դիվանագիտության վարչությունը իր պատասխանում հայտնում է նաև, որ Սիրիայի պատերազմի ընթացքում Դամասկոսում և Հալեպում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց լիազորությունների սահմաններում աջակցել են Հայաստանում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած նյութապես անապահով սիրիահայերին` համահայկական, հասարակական, բարեգործական կառույցների միջոցով Հայաստան տեղափոխման ճանապարհածախսը հոգալու նպատակով:

2012թ. ընթացքում Հայաստանի կառավարության միջոցներով Հանքավանում իրենց ամառային հանգիստն են անցկացրել ավելի քան 400 սիրիահայ երեխա, այնուհետև վերադարձել են իրենց ծնողների մոտ, քանի որ  նրանց ծնողները երեխաներին ժամանկավորապես պատերազմական գործողություններից հեռու պահելու խնդրանքով Հայաստանի կառավարություն չեն դիմել: Այս մասին դեռևս 2012թ.-ին ասել էր  Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս  Զաքարյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Նարա Մարտիրոսյան

All rights and copyright belongs to author:
Themes
ICO