Armenia

Տավուշի ուղղությամբ սահմանային իրավիճակը հանգիստ է. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի իր ղեկավարած մարզի հատվածում իրավիճակն այժմ հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Չոբանյանն ասաց փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին շրջանում արձակած կրակահերթերին:

«Վերջին շրջանի իրադարձություններն էապես չէին տարբերվում այն լարված իրավիճակներից, որոնք լինում էին նախկինում: Կրակահերթերը եղել են դիրքերի ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ կրակահերթեր չեն եղել: Անհանգստանալու ոչինչ չկա, բարեբախտաբար, մենք ունենք վիրավոր, որի կյանքին ոչինչ չի սպառնում: Հիմա իրավիճակը հանգիստ է»,- ասաց Չոբանյանը: